Պատարագիչ. Ի՞նչ պարտավորություն ունեն մարդիկ Աստծո առաջ
Օրվա թեմա
11:08 06/01/2019
Հայաստան

Պատարագիչ. Ի՞նչ պարտավորություն ունեն մարդիկ Աստծո առաջ

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Ս. Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, ուխտավոր հայորդիներ և տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
Մինչ սրբազան պատարագը կատարվել է Երեկոյան ժամերգություն, ընթերցվել են սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Սրբազան Հայրը ընդգծել է, որ Աստված ոչ միայն իր Որդուն առաքեց, որպեսզի մարդկությունը փրկվի, այլ, ինչպես ասում է շարականագիրը, առանց աչք թարթելու հովվի իր Եկեղեցին ու ժողովուրդը:

«Եթե Աստված անքուն աչքով միշտ պահում է Նոր Իսրայելը՝ Քրիստոսի ժողովուրդը, Քրիստոսի թագավորության հպատակներին, ապա ի՞նչ պարտավորություն ունենք մենք՝ որպես այդ թագավորության ժառանգներ կամ քաղաքացիներ: Աստված կատարում է իր պարտավորությունները. ուղարկեց Իր Որդուն, մարդ դարձավ, փրկեց մարդկությանը և առանց նիրհելու հետևում է մեզ, պահում է մեզ՝ Նոր Իսրայելին, քրիստոնյա ժողովրդին:

Իսկ դրա դիմաց ի՞նչ պարտավորություն ունենք մենք: Մենք ունենք պարտավորություն լսելու, ենթարկվելու Աստծո հրամաններին: Եվ այդ հրամանները ծանր չեն: Քրիստոսի և Աստվածաշնչի հրամանները քաղցր են և թեթև: Եթե մենք պիտի հետևենք, եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա նրա բոլոր հրամանները հաճույքով պիտի կատարենք, պիտի ձգտենք դրանք կատարել, պիտի ուզենք դրանք կատարել»,- ասել էպատարագիչ Սրբազանը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր քրիստոնյա ամեն բանից առաջ պետք է երկրպագի նորածին Քրիստոսին, ինչպես հովիվներն ու մոգերը, որոնք, թողնելով ամեն ինչ, գտան Քրիստոսի ծննդյան վայրը և իրենց հարգանքն ու երկրպագությունը մատուցեցին Նրան:

Վերջում Սրբազանը հորդորել է հավատացյալներին անձանձրույթ կերպով աղոթել և անդադար փառաբանել Աստծուն, ապաշխարել և մեղք չգործել, որպեսզի կարողանան ժառանգել հավիտենական կյանքն ու երկնքի արքայությունը:

Հավարտ Սուրբ Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացել է Ս. Խորան և վառել կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:











Placeholder
Պատարագիչ. Ի՞նչ պարտավորություն ունեն մարդիկ Աստծո առաջ