Սննդագետ. Տոներից դեռ մնացած սնունդի տեղը ոչ թե մեր ստամոքսն է, այլ` աղբամանը
Առողջություն
14:00 06/01/2019
Հայաստան

Սննդագետ. Տոներից դեռ մնացած սնունդի տեղը ոչ թե մեր ստամոքսն է, այլ` աղբամանը

Անցած օրերին մայոնեզով, թթվասերով, ձվով չսպառված աղցանները պետք  է թափել առանց ափսոսելու: Հարկ է հիշել` դրանք առողջությունից թանկ չեն: Խոզի ազդրամսից մնացած կտորներն էլ պետք է համտեսել, եթե կա համի, հոտի փոփոխություն, ապա այն ևս թափել, իսկ եթե չկա, ապա պետք է կրկին ջերմային մշակման ենթարկել:

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցնում է,  նախորդ օրերին չսպառված մթերքի տեղը ոչ թե մեր ստամոքսն է, այլ աղբամանը:

«Խոզի ազդրամիսը, հնդկահավի միսն ունեն կարճ պիտանելիության ժամկետ: Բոլորս էլ գիտենք, որ դրանք ջերմային մշակման ենթարկվելուց հետո պահպանվել են ոչ թե սառնարանում, այլ եղել են տոնական սեղանին` +18 և ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչը միկրոօրգանիզմների զարգացման համար հիանալի միջավայր է»,-նշեց նա:

Պիպոյանը նշում է, եթե կափսոսեն ու չեն թափի, ապա պետք է անպայման ջերմային մշակման ենթարկվեն, նոր ճաշատեսակ պատրաստեն, օրինակ կարտոֆիլի հետ տապակվի կամ էլ տոմատով, որը ցածր թթվություն ունի, սոուս պատրաստվի: Սննդագետը նկատում է` միկրոալիքային վառարանում մթերքները տաքացնելը ջերմային մշակում է համարվում, սակայն կարծում է, որ ճարպեր պարունակող մթերքն միկրոալիքային վառարանում տաքացնելուց հետո համային, հոտային  և որակական հատկանիշներն էականորեն վնասվում են:

Վտանգավոր են նաև սերուցքային կրեմ պարունակող խմորեղենները: Կրեմ չպարունակող թխվածքները կարելի է մի քանի օր էլ օգտագործել:

«Ամեն ինչ կախված է այն բանից, թե այս ողջ ընթացքում ինչ պայմաններում են պահպանվել խմորեղենները: Եթե միշտ պահվել են սառը, հով տեղ, ընթացքում մի քանի կտոր կտրել ու դրել են սեղանին, ապա այս պարագայում այն ավելի անվտանգ է»,-նշում է նա:

Սնվելու կանոնավոր ռեժիմին անցնելու համար Պիպոյանը խորհուրդ է տալիս հավաքել սեղանին թողած բարձր կալորիականություն ունեցող չարազեղենը, կոնֆետները, չրերը,  գազավորված ու բնական հյութերը: Հոգեբանական առումով դժվար է, ուտելիքներով շրջապատված լինելով` անցնել սնվելու կանոնավոր ռեժիմին:

Քանի որ հունվարի 7-ն էլ ոչ աշխատանքային է մեռելոց լինելու պատճառով, աշխատանքային օրերը կսկսեն ամսի 8-ից, հետևաբար մինչ այդ կանոնավոր ռեժիմին անցնելը դժվար գործ է:

«Հայաստանում տոնական օրերը սկսում են ավելի վաղ` կորպորատիվների մեկնարկով: Եթե մարդն աշխատում է մի քանի տեղ կամ հրավիրվում է ևս մի կորպորատիվի, ապա նա ևս երկու-երեք ծանր ընթրիք է ունեցել: Դրան էլ գումարած 5-6 օր ծանր ուտելիքով սեղաններ, որոնց վրա բավականին քիչ են թարմ բանջարեղենով պատրաստված աղցանները: Հիմնականում ծանր աղցաններ են` պատված մայոնեզով, թթվասերով: Այս պարագայում մենք գործ ունենք ճարպեր պարունակող մթերքի հետ: Դրա փոխարեն շատ քիչ են օրինակ լոլիկով ու վարունգով, հազարով աղցանները, նույն տավարի միսը կարելի է համադրել թարմ պղպեղի հետ, առանց թթվասերի: Հիմա սեղաններին գրեթե չկան նաև հատիկեղենից պատրաստված մթերքներ` լոբու պաշտետ, սիսեռի հումուս, դրանք ամեն դեպքում բուսական ծագում ու պիտանելիության երկար ժամկետ ունեն, բացի այդ, հումուսը պատրասվում է քունջութի ձեթով, որը շատ բարորակ ճարպեր է պարունակում, այն համեմատելի չէ մայոնեզով պատված աղցանի հետ»,-նշում է սննդագետը:
Սրա հետևանքով տոնական օրերին մեր ընդունած մթերքների մեծ մասը կենդանական ծագմամբ են, իսկ մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ճարպեր ընդունելն օրգանիզմի համար ծանր է:

Օրգանիզմի բեռնաթափման համար մասնագետը հիշեցնում է երեք կարևոր կանոնի մասին.

1. Սնման ռեժիմը.  Սնվել երեք անգամ, երկու անգամ թեթև միջուտեստներ ունենալ: 

2. Բեռնաթափել օրգանիզմը. «Այս օրերին պետք է սննդակարգում մտցնել էական փոփոխություններ աղեստամոքսային տրակտի բեռնաթափման համար շատ կարևոր է, որ սննդակարգից դուրս մղվեն թխվածքներն ու ալրային հենքով մյուս մթերքները: Պետք է հիմա ավելի շատ օգտագործել կանաչեղեն, բանջարեղեններ, օրինակ կարելի է օգտագործել հազարով, գազարով, կազամբով, թարմ լոլիկով, բրոկոլիով աղցաններ: Ի վերջո, նույն ուտելիքն անընդհատ ընդունելը, կարծում եմ, ձանձրացնում է»,-ասում է Դավիթ Պիպոյանը:

3. Հավաքել սեղանին մնացած ծանր ուտելիքները` կոնֆետները, չարազեղենը,  չրերը պահեստավորել, օգտագործել օրինակ տասն օր անց, արդեն որպես նախաճաշ:

Placeholder
Սննդագետ. Տոներից դեռ մնացած սնունդի տեղը ոչ թե մեր ստամոքսն է, այլ` աղբամանը