Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
18:38 10/01/2019
Հայաստան

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ տարածված տեղեկությունների, նա էլ անցնում է մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ից լուրը չեն մեկնաբանում, ոչ հերքում են, ոչ էլ հաստատում։

«Այս պահին ոչինչ ասել չենք կարող»,-ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե որ հոդվածի հատկանիշներով է նա մեղադրվում։

Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտաարարել էր՝ քայլեր են ձեռնարկվում, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չկարողանա հեռանալ։

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված ու հրապարակված ձայնագրության մեջ Վանեցյանը ՀՔԾ պետին խորհուրդ է տալիս Խաչատուրովի փոխարեն ձերբակալել Սեյրան Օհանյանին կամ Միքայել Հարությունյանին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասում է.

«Սեյրանին էլ ենք բերելու, ապեր, որովհետև Սեյրանը վաբշե ուրիշ այլանդակություն է արել, ընկեր։ Սեյրանի մեղքը գիտե՞ս՝ ինչքան հիմնավոր է։ Ինքն էդ օրը գիշերը հելնում- ասում է, եթե քաղաքացիներով հավաքվեք, ինչ-որ բան անեք, զորքը ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ, այսինքն ինքը սպառնում է, ընկեր»։

Հիշեցնենք, որ  2008 թ. մարտի 1-ին Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Ապրիլին նշանակվել է պաշտպանության նախարար։

Նշենք, որ այս պահին Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին, Սամվել Մայրապետյանին, Վահագն Հարությունյանին։

Placeholder
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել