Ավետիսյանների սպանության տարելիցին Գյումրիում պիկետ կանցկացվի
Իրավունք
17:58 10/01/2019
Հայաստան

Ավետիսյանների սպանության տարելիցին Գյումրիում պիկետ կանցկացվի

Հունվարի 12-ին՝ շաբաթ օրը, ժամը 12-ին Գյումրիում ռուսաստանյան զորամասերից մեկի մոտ՝ Շիրակացի փողոցում, տեղի կունենա բողոքի պիկետ այդ բազայի զինծառայողների շարունակվող հանցագործությունների դեմ: Ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Նա գրել  է. «Այդ օրը լրանում է 4 տարի այն օրվանից, երբ, ըստ պաշտոնական վարկածի, ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, եւ կլրանա 40 օր այն օրվանից, երբ պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայեւի դաժան ծեծից հետո մահացավ աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը և՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռազմաբազայի հսկողության տակ եւ չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին և դրությունները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին եւ հանձնել բազայի հրամանատարությանը:

1999 թվականից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ»։

Placeholder
Ավետիսյանների սպանության տարելիցին Գյումրիում պիկետ կանցկացվի