Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ
Քաղաքական
09:32 12/01/2019
ԼՂՀ

Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար։

Ա. Բեգլարյանի հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց:

Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:

Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Նշենք, որ նախօրեին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրությունը. «Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտվական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատվով ավարտեցինք նկարահանումները՝ շնորհիվ մեր թիմի վճռականության և համառության:

Օրեր առաջ հրապարակվել էր հետևյալ հոդվածը, նաև անվանական նամակներ ուղարկվել մեզ հետ համագործակցող լիտվացի և ֆրանսիացի ֆիլմարտադրողներին:

Գլխավոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նույնպես ստացել էր այդ նամակը: Ցավալի է, որ ֆիլմի համարտադրողները և օտարերկրացի դերասանները ստիպված են բախվել նման երևույթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղության պահպանումն է և տարածքի ամենավտանգավոր կոնֆլիկտի մասին իրազեկվածությունը»։

Placeholder
Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ