Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր. Հեքեքյան
Մշակույթ
13:02 12/01/2019

Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր. Հեքեքյան

«Հայաստանի Փոքրիկ երգիչներ»-ի՝ Արամի 23 պատմական հուշարձան շենքի մոտ ակցիա է ընթանում։ Ակցիայի հիմնական մասնակիցները երգչախմբի անդամներն են։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ոչինչ չի արվում, ստացվում է՝ անարգում են, չեն կատարում վարչապետի հրահանգը, իսկ մնացածը թատրոն էր։ Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ թվում է, թե իրենք կամ հայերեն լավ չգիտեն, կամ մտավոր խնդիր ունեն, մենք մի հարց ենք տալիս, մեզ ուրիշ պատասխաններ են տալիս։ Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր»։

Ինչ վերաբերում է առաջիկա քայլերին Հեքեքյանն ասաց, որ անպայման պետք է մտնեն դատարան։
Նրա խոսքով՝ երբ հնարավոր էր կանխել այս ամենը, չկանխվեց։ Հեքեքյանը նաև նշեց, որ պատկան մարմինները խուսափում են իր հետ հանդիպելուց։

«Պատմամշակության հուշարձանը եթե քանդվում է, նորից հավաքվում է, այն դադարում է լինել պատմամշակութային հուշարձան»,- հավելեց նա։

Ակցիայի ընթացքում լրագրողներին մոտեցավ Արամի 23, բնակարան 3 հասցեում բնակվող Մադլենա Սարոյանը և նշեց, որ տուժել է երեկ երեկոյան փլուզված պատի հետևանքով:
Երեկվանից ես չունեմ էլ բնակարան, շինարարության հետևանքով վնասվել է նաև իմ բնակարանը։ Անցած տարի հունիսին փլուզում եղավ, պատը ճաքել էր, քարեր թափեցին: Մեզ հորդորեցին տանից դուրս գալ: Ոչ մեկը ոչ եկել, ոչ ներողություն է խնդրել: Ես չունեմ բնակարան, ես որտե՞ղ եմ բնակվելու։ Տանը կպած շինարարություն են արել, ո՞վ է թույլ տվել: Գիշերն անցկացրել ենք վարձակալությամբ տրված բնակարանում»,- պատմեց բնակչուհին։

Նշենք, որ «Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Իսկ արդեն երեկ երեկոյան հուշարձանի վթարված պատը փլուզվել է։

Placeholder
Հատուկ ոչինչ չէր արվում, որ շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր. Հեքեքյան