Ժամկետի մեջ տհաճ հոտով հյութը՝ աղբամանում
Հասարակություն
11:42 15/01/2019
Հայաստան

Ժամկետի մեջ տհաճ հոտով հյութը՝ աղբամանում

Երեկ Panorama.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Կենտրոն համայնքի խանութներից մեկից գնել է  «Նոյան» գործարանի արտադրության  տոմատի հյութ, որն ունեցել է արտահայտված տհաճ հոտ, համ և այն նետել են աղբարկղը:  Քաղաքացու խոսքով՝ հյութը եղել է ժամկետի մեջ:

Փորձեցինք կապ հաստատել գործարանի պատասխանատուների հետ: «Նոյան» գործարանի որակի բաժնի ղեկավար Թերեզա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե տուփը իրենց ներկայացնեին, շատ ավելի հեշտ կլիներ խնդիրը պարզել:

«Կարծում եմ, որ տուփը վնասվածք է ունեցել, եթե հոտ են զգացել: Մենք չենք թողնի իրացման ցանց  խախտումով ապրանք մտնի, իսկ եթե ապրանքը իրացման թույլտվություն է ունենում,  դա նշանակում է, որ տվյալ ապրանքը  համապատասխանում է սահմանված պահանջներին և բացառվում է գործարանի ներսում ինչ-որ խնդիրներ լինեն»,- նշեց նա:

Թերեզա Մանուչարյանը չբացառեց, որ տեղափոխման ընթացքում հնարավոր է տուփը վնասվել է, բայց չեն կարող դա շեշտել, քանի դեռ տուփն իրենց մոտ չէ:  «Հատուկ  թեստերի միջոցով հնարավոր է պարզել, թե թերությունն ինչից է առաջացել: Իսկ եթե տուփը վնասված չէ, ուրեմն կհասկանայինք, որ խախտումը կապված է մթերքի հետ, բայց այդ դեպքում ռեալիզացիայի ենթակա չէր լինի: Մենք նման դեպք չեն ունեցել, որ որևէ ապրանքատեսակ իրացման ենթակա չլինի, քանի որ մեզ մոտ յուրաքանչյուր արտադրատեսակ միկրոբիոլոգիական թեստերի մեկշաբաթյա փուլ է անցնում՝ կարանտինի շրջան, որից հետո նոր այն ուղարկվում է շուկա»,- ասաց  գործարանի որակի բաժնի պատասխանատուն:

Նրա խոսքով՝ գուցե խանութում սխալ պահպանման հետևանքով է տվյալ ապրանքը խնդիրով հասել սպառողին և նրա մոտ կարծիք է ձևավորվում, որ խնդիրը կապված է արտադրության հետ: Ըստ Թ. Մանուչարյանի՝ հյութերի և նեկտարների պահպանման ջերմաստիճանը չպետք է լինի 25 աստիճանից բարձր, բնականաբար, խանութներում պահման պայմաններին պետք է ուշադրություն դարձնել:

Նա նաև հայտնեց, որ  գործարանի արտադրանքը տեղական հումքով է պատրաստված, լոլիկը մշակում են իրենց այգիներում, իսկ եթե քանակը չի բավարարում, դրանից հետո միայն գնում են գյուղացիներից:

Հարցին՝ քաղաքացիներից  երբևէ նման բողոքներ ստացել են, Թերեզա Մանուչարյանն ասաց, որ երբեմն լինում են որոշակի դիտողություններ և առաջարկություններ, ինչի համար շնորհակալ են, իսկ եթե որևէ բողոք հիմնավորվում է, ապա դրա համար փոխհատուցում են. «Հիմնականում լինում են չարդարացված բողոքներ և նույն լոտի ապրանքից տրամադրում ենք սպառողին, որ նրա մոտ թյուր կարծիք չձևավորվի»:

Նշենք, որ նույն բողոքը եղել է «Արտֆուդ» գործարանի արտադրանքի մասով: Քաղաքացին հայտնեց, որ գործարանի պահածոն ևս եղել է ժամկետում, սակայն տհաճ համի պատճառով  հայտնվել է աղբամանում:

Placeholder
Ժամկետի մեջ տհաճ հոտով հյութը՝ աղբամանում