Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց  «Բրեքսիթի» գործարքը
Քաղաքական
09:35 16/01/2019
Աշխարհ

Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արժանացավ վատագույն պարտության խորհրդարանական երկրի պատմության մեջ. Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժեց վարչապետի ներկայացրած ԵՄ-ից դուրս գալու կամ Բրեքսիթի գործարքը։

Պատգամավորները գործարքը մերժեցին 432 դեմ, 202 կողմ ձայներով, որը պետք է կարգավորեր 2019թ.-ի մարտի 29-ին Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պայմանները։

Քվեարկությունից հետո լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Գորբինը հանդես է եկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որը կարող է հանգեցնել համընդհանուր ընտրությունների։

Կառավարությանն անվստահության քվեարկությունը նախատեսվում է, որ տեղի կունենա այսօր՝ Բրիտանիայի ժամանակով 19.00-ին։

Այս պարտությունը մեծ հարված էր Թերեզա Մեյի համար, ով ավելի քան 2 տարի անցկացրեց ԵՄ-ի հետ գործարքի կնքման համար։

Ծրագիրը նախատեսում էր ԵՄ-ից դուրս գալը մարտի 29-ին ու 21 ամսով անցումային շրջանի հաստատում, որի ընթացքում էլ պետք է բանակցվեր ազատ առևտրի գործարքը։

Այս քվեարկությունը ի սկզբանե նախատեսված էր դեկտեմբերին, սակայն վարչապետն այն հետաձգեց, որպեսզի կարողանար ստանալ պատգամավորների աջակցությունը։

Գործարքի մերժումը հարցականի տակ է դնում  Բրեքսիթի ապագան ու ժամանակահատվածը։
Ինչպես գրում է BBC-ն, այն պատգամավորները, որոնք ցանկանում են կամ նոր հանրաքվե կամ դուրս գալ առանց գործարքի, այժմ արդեն կուժեղացնեն իրենց ջանքերն այդ ուղղությամբ, քանի որ թուլացած վարչապետն առաջարկել է լսել նրանց փաստարկները։

Բրիտանիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2022թ.-ին, սակայն եթե խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարությանը, ապա կսկսվի կառավարության 14-օրյա հետհաշվարկն ու նոր ընտրություններ։

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գործարքի մերժումից հետո թվիթերում գրել է.«Եթե գործարքն անհնարին է և ոչ ոք չի ցանկանում գործարք, ապա ո՞վ վերջապես քաջություն կունենա ասելու, թե որն է միակ դրական լուծումը»։

Placeholder
Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը