Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից
Հասարակություն
11:49 19/01/2019
Աշխարհ

Կատրին Դենյովը Իվ Սեն-Լորանի ավելի քան 300 զգեստ կվաճառի իր հավաքածուից

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստները վաճառքի կհանվեն:  Ֆրանսիացի դիզայներ, նորաձևության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Իվ Սեն Լորանի մահվանից 10 անց դերասանուհին որոշել է աճուրդում վաճառքի հանել իր զգեստների հավաքածուն, որոնց վրա անձամբ ստորագրել է դիզայները, իսկ դրանց մի մասը հատուկ ստեղծել է Դենյովի համար: Այս մասին «Le Figaro» թերթին տված հարցազրույցում ասել է դերասանուհին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կատրին Դենյովը խոստովանել է, որ ինքն այդքան քաջություն չուներ Լորանի հագուստները 2009 թ-ին վաճառքի հաներ. «Ես հիշում էի Լորանին, այդ զգայուն, չարաճճի ու քնքուշ մարդուն»,-ասել է նա:

Դերասանուհին պատմել է դիզայների հետ ունեցած առաջին հանդիպման մասին: Դա տեղի է ունեցել 1965 թվականին, երբ նա Լորենի մոտ զգեստ է պատվիրել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպման համար:

Կատրին Դենյովը խոստովանել է՝  զգեստները որոշել է վաճառել այն պատճառով, որ չի կարողանում դրանք այլևս պահել: «Եթե դրանք ճիշտ պահես, դրա համար մեծ տարածք է հարկավոր: Ես Նորմանդիայի իմ տունը վաճառեցի, որտեղ զգեստները պահում էի  ձեղնահարկում՝ հատուկ ջերմաստիճանում: Ես այլևս դրանք չեմ հագնում», - բացատրել է նա։

Աճուրդը տեղի կունենա հունվարի 24-ին Փարիզում բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում:

Christie's աճուրդի տան պաշտոնական կայքի համաձայն՝ հավաքածուում ներառված է 330 իր, որոնց մեջ են դերասանուհու համար տարբեր տարիներին նախագծված  զգեստներ, տաբատներ, կոստյումներ, վերնազգեստներ, կոշիկ, աքսեսուարներ և այլն:

Ներկայացված հագուստի և աքսեսուարների միջին արժեքը կլինի 1-2 հազար եվրոյի սահմաններում, սակայն որոշ տեսակների համար աճուրդի տունը նախատեսում է սահմանել 3-5 հազար եվրո:

Placeholder