ԵՄ-ն ողջունում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները
Քաղաքական
13:04 19/01/2019
Հայաստան

ԵՄ-ն ողջունում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ  վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտաքին գործերի նախարարների հանդիպումները, որոնցից վերջինը 2019թ․-ի հունվարի 16-ին Փարիզում էր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի  դրական ազդակներ է հղում։

«Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակաժեք իրագործում, ներառյալ ԱԳ նախարարների վերջին համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության  նախապատրաստելուհստակ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև բանակցություններին նոր էներգիա հաղորդելուն ուղղված քայլերի քննարկումը:

Եվրամիությունը շարունակում է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում նաև Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ-ի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահությունն ամրապնդելու միջոցով:

Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Placeholder
ԵՄ-ն ողջունում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները