Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
Իրավունք
13:52 22/01/2019
Հայաստան

Մանվել Գրիգորյանը կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը։

«Մեր բողոքը բավարարվեց։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի։ Նա այսօր կկալանավորվի»,- լրագրողներին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը։

Նրա գնահատմամբ, որոշումն օրինական և հիմնավոր է։

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքված մի խումբ էջմիածինցիներ շամպայն բացեցին և  միմյանց շնորհավորեցին, երբ տեղեկացան, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվելու է։

Հիշեցնենք, որ նրանք Երևանում և Էջմիածնում ակցիաներ էին կազմակերպում և պահանջում Մանվել Գրիգորյանի կալանավորումը։ 

Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
 

Placeholder
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի