Պետգույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել. Նարեկ Բաբայան
Տնտեսություն
15:56 24/01/2019
Հայաստան

Պետգույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել. Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ պետությանը տարածքներ նվիրաբերելու գործընթացին, կոմիտեի նախագահը նշեց, որ գույքի ընդունման գործընթացը դեռևս չի ավարտվել. «Այս գործընթացն առայժմ կասեցված է, քանի որ Դատախազությունն իր  վերապահումներն է հայտնել»:
Ինչ վերաբերում  է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցի՝ պետությանը նվիրաբերելուն, Նարեկ Բաբյանն ասաց, որ դեռևս հյուրանոցը տնօրինում են Ավետիսյանները․«Այս հարցով նույնպես կառավարության որոշում կլինի»:

Հարցին, թե ճիշտ են մամուլի հրապարակումները, թե հյուրանոցը տնօրինում է Սասուն Միքայելյանի որդին, նա նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին ևս պարգևավճարներ տվել են, Նարեկ Բաբայանն ասաց, որ իրենց աշխատակիցներին տրվել է մինչև մեկ դրույքի չափով պարգևավճար:

Պատասխանելով հարցին՝ «ինքներդ ձեզ պարգևատրե՞լ եք», կոմիտեի նախագահն արձագանքեց. «Ես իրավասություն չունեմ ինձ պարգևատրելու»։

Placeholder
Պետգույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում նվիրատվություններ չի ստացել. Նարեկ Բաբայան