Փաշինյանն առաջարկել է Սինգապուր արտահանել կոնյակ, գինի ու գարեջուր
Քաղաքական
12:55 24/01/2019
Հայաստան

Փաշինյանն առաջարկել է Սինգապուր արտահանել կոնյակ, գինի ու գարեջուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ:

Կառավարությունից տեղեկացնում են՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար:

Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը։

Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով:

Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում:

Placeholder
Փաշինյանն առաջարկել է Սինգապուր արտահանել կոնյակ, գինի ու գարեջուր