Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
15:48 25/01/2019
Հայաստան

Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով գազի սակագնին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առայժմ խոսքն այն մասին է՝ 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա:

«Մենք ունենք մեկ տարի, որպեսզի շարունակենք խորհրդակցությունները Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմի» և ընդհանրապես  ԵԱՏՄ-ի շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, և դրա դիմաց որևէ բաժնետոմս չի փոխանցելու,  ամեն ինչ նույնն է մնալու, պարզապես, ըստ նրա,  2019 թվականին ժամանակ կլինի գազի թեման ավելի մանրամասն քննարկել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին 1000 խմ դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն Հայաստանը վճարելու է 165 դոլար:

Placeholder
Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան