Ախալցիխեում հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիր
Մշակույթ
09:00 29/01/2019
Տարածաշրջան

Ախալցիխեում հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիր

Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ախալցիխե քաղաքի տներից մեկի վերանորոգման ժամանակ պատահաբար հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիրը։ Jnews-ը գրում է, որ տունը գտնվել է քաղաքի պատմական կենտրոնում` Ռաբաթում: Բաղնիքի մուտքը հայտնաբերվել է Շավաձեների ընտանիքի տան սենյակներից մեկի հատակատախտակի  տակ:

«Երբ սենյակներից մեկում մենք բարձրացրեցինք հատակը, ներքևում  երևան եկան ավերակները… Երբ ես  ամուսնացա և բնակություն հաստատեցի այս տանը, հաճախ էի լսում սկեսրոջս շուրթերից, որ ներքևում  ինչ-որ ավերակներ կան, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ ավերակների մասին էր խոսքը»,-   պատմել է  տան տիկին Ցիալա Շավաձեն:

Հայտնաբերվածի մասին Շավաձեների ընտանիքը համապատասխան կառույցներին անմիջապես չի տեղեկացրել: Ոչ Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունը, ոչ էլ տեղական իշխանությունները  իրազեկ չեն եղել: Բանն այն է, որ Շավաձեների տանը գործում է  հյուրանոց: Նրանք պլանավորել էին  հայտնաբերված ստորգետնյա սրահները վերածել նոր տարածության՝ հյուրերի համար:

«Նրանք անշուշտ պետք է զանգահարեին Հուշարձանների պահպանության գործակալությանը: Նրանք այստեղ կամայականորեն որևէ բան անելու իրավունք չունեն: Եթե հուշարձանը վնասեն, ապա նրանք կտուգանվեն վարչական օրենսդրության համաձայն», – ասել է  ՀԿ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Քեթի Բեբիաշվիլին:

Սամցխե-Ջավախեթիի պատմական թանգարանում ենթադրում են, որ հայտնաբերվածը թվագրվում է  XVIII  դարով: Փորձագետների կարծիքով, այդ մասին վկայում են այդ պատմական ժամանակահատվածին բնորոշ բաղնիքների գմբեթավոր առաստաղները:

Աղբյուրը նշում է, որ ժամանակ Ախալցիխեի ամրոցը Անդրկովկասում ամենաազդեցիկն էր համարվում: Հենց այդ ժամանակ այնտեղ կառուցվել է մզկիթը և ժողովարանը, որոնք պահպանվել են մինչ օրս: Բացի այդ, Ռաբաթի շրջանում հայտնաբերվել են  նույն ժամանակահատվածում կառուցված, մի քանի բաղնիքների համալիրների  ավերակներ:

Շուտով հայտնաբերված օբյեկտի տեղանքում հուշարձանի մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնեն  Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մասնագետների խումբը:

Placeholder
Ախալցիխեում հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիր