ԵԽ զեկույցը ՀՀ վերաբերյալ. Գենդերային հավասարություն, ընտանեկան բռնություն, ԼԳՏԲԻ իրավունքներ, արդար դատաքննություն
Իրավունք
14:14 29/01/2019
Հայաստան

ԵԽ զեկույցը ՀՀ վերաբերյալ. Գենդերային հավասարություն, ընտանեկան բռնություն, ԼԳՏԲԻ իրավունքներ, արդար դատաքննություն

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց՝ 2018թ.-ի սեպտեմբերին Հայաստան կատարած այցից հետո։

Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հարցերի, անապահով կամ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների նախկին խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը։

Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և ընտանեկան բռնությունը

Հաշվի առնելով, որ Հայաստանում կանայք շարունակում են զգալիորեն ներկայացված չլինել հանրային որոշումների կայացման գործընթացում, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին՝ ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործում, ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր մակարդակներում ղեկավարելու, հավասար վարձատրվելու, աշխատուժի շուկայում  հավասար  հնարավորություններ ունենալը։  Միյատովիչը խորհուրդ է տալիս բարձրացնել հանրային իրազեկությունը և  նպաստել գենդերային հավասարությանը, հատկապես կրթության միջոցով:

Ընտանեկան բռնության դեմ պայքարի Հայաստանի օրենսդրության զգալի բարելավման համար հանձնակատարը կոչ է  անում վավերացնել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ու ընտանեկան բռնության դեմ ԵԽ կոնվենցիան։ Մասնավորապես, նա իշխանություններին կոչ է անում շատացնել ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանների վայրերը և այդպիսի կացարաններում գտնվող երեխաների համար կրթության մատչելիությունը:

Մարդու իրավունքները կոնկրետ խոցելի և անապահով խմբերում

Զեկույցում ուշադրության կենտրոնում  է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և ԼԳԲՏԻ անձանց իրավունքները:

Հանձնակատարը ողջունում է մինչև 2025թ. ամբողջ կրթահամակարգը ներառական դարձնելու ՀՀ կառավարության հանձնառությունը և առաջարկում է, որ հատուկ ուշադրություն դարձվի՝ ապահովելու ներառական կրթությունը նախադպրոցական մակարդակում։ Հանձնակատարը ողջունում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում հաշմանդամություն ունեցող ակտիվիստի նշանակումը։

Հանձնակատարն առաջարկում է, որ Հայաստանը մեծացնի իր ջանքերը` պայքարելու երեխաների աղքատության դեմ և երաշխավորելու բոլոր երեխաների պատշաճ կենսամակարդակ ունենալու իրավունքը: Կոչ է արվում նաև վավերացնել երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանող ԵԽ Լանցարոտի կոնվենցիան:

Հանձնակատարը գտնում է, որ Հայաստանում տարեցների սոցիալական պաշտպանության ներկայի մակարդակը հիմնականում անբավարար է: Հաշվի առնելով, որ աղքատության դեմ որոշիչ գործողությունների ձեռնարկումը անմիջական և դրական ազդեցություն կունենա Հայաստանում տարեցների բարեկեցության և արժանապատվության վրա` հանձնակատարը առաջարկում է նաև, որ իշխանությունները հաշվի առնեն ծերության թոշակի ընդհանուր մակարդակի բարձրացումը:

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների կապակցությամբ հանձնակատարն առաջարկում է, որ իշխանություններն արագ ընդունեն համապարփակ օրենք խտրականության դեմ, որը առանձնահատուկ կերպով պետք է ներառի հստակ անդրադարձ սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը (SOGI): Ավելին, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին արագ և հստակ քայլեր ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց թիրախավորող բռնության, ատելության խոսքի և ատելության հանցագործությունների բոլոր դեպքերի դեմ և երաշխավորել բոլոր այս դեպքերի պատշաճ կերպով դատապարտումը, հետաքննումը և դատական կարգով հետապնդումը: Վերջապես, նա կոչ է անում խորհրդարանականներին, միանշանակ կերպով մերժել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կարող է խախտել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները կամ նպատակ հետապնդել խթանելու հակա-ԼԳԲՏԻ տրամադրություններ։

Մարդու իրավունքների նախկին խախտումների վերաբերյալ հաշվետվողականություն

Հանձնակատար Միյատովիչը, անդրադառնալով  մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը, ողջունում է Հայաստանի ձեռնարկած քայլերը` քրեական պատասխանատվություն սահմանումը 2008թ. մարտին գործողությունների ընթացքում զոհերի համար, սակայն ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Նա կոչ է անում նաև Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցանքի մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և խուսափել բևեռացնող, խարանող կամ հրահրող ձևակերպումներից իրենց հասարակական դիսկուրսում, որն, ըստ հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:

Placeholder
ԵԽ զեկույցը ՀՀ վերաբերյալ. Գենդերային հավասարություն, ընտանեկան բռնություն, ԼԳՏԲԻ իրավունքներ, արդար դատաքննություն