Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում առարկաների վերանայման, հոգևորների ներկայության մասին
Կրթություն, գիտություն
14:56 31/01/2019
Հայաստան

Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում առարկաների վերանայման, հոգևորների ներկայության մասին

Կրթության և գիտության նախարարությունում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի   դասավանդման վերանայման հարց չի քննարկվել: Այս մասին  այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաները և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են: Առհասարակ ուսումնական բոլոր ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- հայտնեց  նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝  դպրոցներում ծանրաբեռվածության, ծրագրերի անհամապատասխանության,  տարբեր առարկաներում  նույնաբովանդակ նյութերի հետ կապված բողոքներ կան. «Նույն Եկեղեցու պատմության, Հայ ժողովրդի պատմության, Հայրենագիտության առարկաներում, ռազմագիտության, նույնիսկ՝ երգի դասագրքում, կրկնություններ կան։ Պետք է թեթևացնենք, ծնողներն ամենաշատը դրանից են բողոքում, որ իրենց երեխաները շատ ծանրաբեռնված են»:

Դիտարկմանը, թե դասագրքերից էլ բողոքներ կան, ԿԳ նախարարն ասաց, որ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կպահանջի պետությունից: Ըստ նրա՝ փետրվարի 1-ին դասագրքերի հետ կապված քննարկում է նախատեսվում. «Դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, և գուցե որոշում լինի դասագրքերը երկհատոր դարձնել, այսինքն՝ առաջին կիսամյակի համար լինի մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»: 

Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձավ դպրոցներից մեկում քահանայի հետ ունեցած միջադեպին: Ըստ հրապարակումների՝ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցելության ժամանակ ԿԳ նախարարն, այնտեղ տեսնելով քահանային, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։

«Այդ գյուղում,  թե տարածքում կա Տեր Դավիթ քահանա: Այն ընթացքում, որ ես այնտեղ եմ եղել,  հոգևորական է դպրոց եկել և ես տնօրենին հարցրել եմ, թե նա դպրոցում ինչ գործառույց ունի, տնօրենն էլ ասել է՝ նրան  հրավիրում են դասղեկական ժամերին: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության մասին, որը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար են և ոչ թե հոգևոր քարոզի համար»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝  նա հոգևորականի հետ խոսե՞լ է, քանի որ վերջինս հայտնել է, որ նախարարն իրեն ասել է՝ ինչ է անում դպրոցում, այն աշխարհիկ կառույց է, նախարարը պատասխանեց. «Այո, ասել եմ, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, բայց Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը: Առհասարակ կարող եք այդ քահանայի մասին մի քիչ տեղեկություններ հավաքել և տեսնել, թե նա ինչ տեսակ մարդ է»:

Նշենք, որ երեկ նախարարն ասել էր՝ այս  թեմայի շուրջ կեղծ լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու, այսօր էլ Արայիկ Հարությունյանը նշեց, որ խոսքն այն հրապարակումների մասին է, որոնց վերաբերյալ դիմել է իրավաբաններին. «Եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, ապա համապատասխան ատյաններ կդիմենք»:

Դիտարկմանը, թե քահանաներն էլ սպասում են, որ պետք է նա ներողություն խնդրի, ԿԳ նախարարը  նշեց՝ ինքն էլ սպասում է, որ ընդհանրապես այդ միջադեպի կամ խոսակցության հետ կապ չունեցող քահանաներն իրենք ներողություն խնդրեն, երեկ էլ Էջմիածնի համապատասխան ատյաններին փոխանցել է դա։

Placeholder