Մեզ 50 տարի պետք է, որ հասնենք խորհրդային տարիներին ունեցած կրթական համակարգին. Տնտեսագիտության դոկտոր
Տնտեսություն
17:02 01/02/2019
Հայաստան

Մեզ 50 տարի պետք է, որ հասնենք խորհրդային տարիներին ունեցած կրթական համակարգին. Տնտեսագիտության դոկտոր

Այսօր աշխարհը գտնվում է նոր՝  չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլում, և Հայաստանը պետք է դառնա այդ հեղափոխության մասնակիցը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Նրա խոսքով՝  բնականաբար, խնդիրները մեկ օրում չեն լուծվելու, բայց օր առաջ պետք է տնտեսական քաղաքականություն մշակել: 

«Տնտեսության զարգացում ապահովելու  համար  անհրաժեշտ է խնդիրներ ճիշտ ձևակերպել ու դրանց  լուծմանը հետամուտ լինել: Տնտեսական աճի ցուցանիշը ես այդքան էլ չեմ կարևորում , քանի որ աճը որակական փոփոխությունների մասին պատկերացում չի տալիս: Եթե խոսենք զարգացած երկրի մասին, ապա 0,5-1 տոկոս աճը հրաշք է, բայց զարգացող երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, երկնիշ աճ պետք է լինի, որ ինչ-որ բանի հասնենք: Դրա համար մենք պետք է որակապես վերանայենք տնտեսական քաղաքականությունը»,- ասաց տնտեսագիտության դոկտորը:

Ըստ նրա՝  Հայաստանը պետք է ունենա մրցունակ և զարգացող գիտելիքահենք տնտեսություն, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել երկրի տնտեսական ներուժը:

«Արդյունաբերությունը պետք է զարգացնել, բայց խոսքը չի վերաբերում սովորական արտադրությանը,  այլ այնպիսին, որն ավելացված ավելի մեծ արժեք է ստեղծում: Խորհրդային տարիներին մեր ունեցած ամբողջ մեքենաշինական համալիրը, քիմիական արդյունաբերությունը կորցրել ենք, իսկ եթե չունես մեքենաշինական համալիր, ապա չես կարող խոսել երկրի ազգային անվտանգության մասին: Մեքենաշինությունն ամենաառանցքայինն է, որը ապահովում է երկրի ազգային ավտանգությունը, ուստի մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք»,- ընդգծեց  տնտեսագիտության դոկտորը:

Գագիկ Վարդանյանը նշեց նաև, որ բարեփոխումներ են անհրաժեշտ կրթական համարգում, քանի որ կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ Որակյալ կրթություն ունենալը՝ սկսած մանկապարտեզից , առաջնահերթ պայման, ուստի, ըստ նրա կրթության համակարգում արմատական փոփոխությունների պետք է գնալ:

Նրա խոսքով՝  առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել  հատկապես միջին մասնագիտական կրթությանը, քանի որ արդյունաբերության զարգացման համար մեր երկրին անհրաժեշտ են որակյալ բանվորներ:

«Հիմնականում  այսօր պահանջված են իրավաբանի, տնտեսագետի, ծրագրավորողի  մասնագիտությունները, բայց մեզ անհրաժեշտ են մեքենաշինության, քիմիական բնագավառում աշխատող կադրեր, ինժեներեներ: Մենք պետք է ապագայի տնտեսություն կառուցենք, ոչ թե տեսնենք տնտեսությունն ապագայում ինչ կլինի, այլ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը դինամիկ է և հարմարվում է ցանկացած արտաքին փոփոխությունների»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

Ըստ նրա՝ այս ամենին հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատել, հակառակ դեպքում, ոչնչի չենք հասնի:

«Բոլորը պետք է աշխատեն: Պետություն-գործարար համայնքը կարող են արդյունավետ համագործակցել:  Ամեն մեկը չի կարող բիզնեսով զբաղվել, դա  շատ բարդ է, կարծում եմ, որ բիզնեսում հաջողության հասած գործարարների առջև պետությունը պետք է խնդիր դնի, որ այս կամ այն ոլորտներում նրանք ներդրումներ անեն, ինչի արդյունքում էլ կկարողանանք տնտեսությունը զարգացնել»,- ընդգծեց պրոռեկտորը:

Գագիկ Վարդանյանը հիշում է՝  2003 թ-ին երբ աշխատում էր ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում, կառավարության ծրագրում ամրագրվեց՝  ստեղծել ազգային ինովացիոն համակարգ, սակայն մինչև օրս այդ համակարգը չի ստեղծվել: Այսինքն՝    անկախությունից հետո, գրեթե 30 տարվա ընթացքում չի լուծվել տնտեսական զարգացման խնդիրը. «Ճիշտ է, որոշ չափով տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել են, բայց դեռ չենք կարող  ասել՝ տնտեսությունը զարգանում է: Եղել են երկրներ, որ 15-20 տարում լուծել են զարգացման խնդիրը, իսկ մենք նկատի ունենալով տարածաշրջանի խնդիրները, պետք է շահագրգռված լինեինք օր առաջ այդ խնդիրը լուծել»:

Նա նշեց, որ 2018թ-ի նոյեմբերին Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով, որի մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Գիտնականներն այդ ժամանակ  ներկայացրել են տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները: Վարչապետն ասել է, որ քննարկման ընթացքում չի հնչել որևէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որ բաց է այսպիսի քննարկումների համար և պատրաստ է հաճախ հանդիպել նրանց հետ:

Սակայն, ըստ նրա, դրանից հետո հանդիպում չի եղել, մինչդեռ կառավարության կողմից պետք է պահանջարկված լինի գիտական միտքը, պետական այրերը պետք է շահագրգռված լինեն, որ օգտագործեն Հայաստանի տնտեսագիտական միտքը, սակայն ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում:  Ի վերջո, ըստ նրա, տնտեսագետներն իրենց վերլուծությունները, հոդվածները, գրքերը գրում են, որ դրանք կիրառվեն:

Նրա խոսքով՝  մարդիկ ոչ թե նյութական փոխհատուցման ակնկալիք ունեն, այլ մասնագիտական իրացման:

«Հասկանում եք, պետք է շատ արագ մեխանիզմներ գտնել և աշխատել, մենք արդեն ուշացել ենք, 10 առաջ էլ ուշացել էինք, բոլոր մասնագետները տարբեր ոլորտների պետք է ներառվեն գործի մեջ, բոլորը պետք է աշխատեն, որ օր առաջ տնտեսության զարգացման խնդիրը լուծվի: Շատ լավ է՝ ընտրություններն առանց խախտումների անցան, բայց հիմա երկիրը զարգացնելու ժամանակն է: Իհարկե նոր գործարաններ չենք կարող վերագործարկել, դրա համար նորերը պետք է կառուցենք: Ի վերջո ճանապարհային քարտեզ պետք է մշակենք, որ  իմանանք՝ ինչ ենք ուզում և ինչի ենք ուզում հասնել: Օրինակ, Իսրայելում եղել է գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի նախարարություն, հիմա դա անվանվում է գիտության, տեխնոլոգիայի և տիեզերքի նախարարություն: Այսինքն՝ նրանք ժամանակին համընթաց ենք գնում»:

Այսպիսով, ըստ Գագիկ Վարդանյանի, միանշանակ է՝  Հայաստանը  զարգացած արդյունաբերական, գիտելիքահենք տնտեսություն ունեցող երկիր պետք է լինի, երկրորդ կարծիք, ըստ նրա, չի կարող լինել: «Հատկապես հաշվի առնելով Արցախի խնդիրը, մենք պետք է ուժեղ տնտեսություն ունենանք»: 

Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ ամեն ինչ պետք է սկսել կրթությունից:

«Եթե նայում ենք կրթական համակարգին, երևի 50 տարի պետք է, որ հասնենք խորհրդային տարիներին ունեցած կրթական համակարգին, բայց մենք այդ ժամանակը չունենք: Մենք սխալներ թույլ տալու իրավունք չունենք, պետք է հասկանանք՝ մուտք գործո՞ւմ ենք զարգացման գնացքի մեջ, թե՞ ոչ: Մեր երկրում որակյալ կրթությունը պետք է մատչելի լինի, հնարավոր է այսօր մի ընտանիքում Բիլ Գեյթս է ծնվել, բայց  այդ երեխան կոշիկ չունի, որ դպրոց գնա ու մենք նրան կկորցնենք: Միգուցե այսօր մի ընտանիքում մի Էյնշտեյն լավ չի սնվել: Ուզում է հարուստի երեխա լինի, թե աղքատի, բոլորը հավասարապես պետք է կրթություն ստանան: Մեր հարստությունը մեր երեխաներն են, 3 մլն մարդիկ են: Ո՞նց կարելի է թողնել, որ երեխան այս դարում չզարգանա: Զարգացման խնդիրը պետք է դնել՝ և մարդկային, և տնտեսական»,- եզրափակելով խոսքն ասաց Գագիկ Վարդանյանը: 

Placeholder
Մեզ 50 տարի պետք է, որ հասնենք խորհրդային տարիներին ունեցած կրթական համակարգին. Տնտեսագիտության դոկտոր