«Լրացուցիչ աշխատանք» պահանջած անբովանդակ պատասխանը
Մշակույթ
14:57 05/02/2019
Հայաստան

«Լրացուցիչ աշխատանք» պահանջած անբովանդակ պատասխանը

Հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր Ալեքսանդր Մանթաշևի Թբիլիսիում տեղակայված հուշարձան-տունը  հանվել է վաճառքի։ «Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը դեռ անցած ամսվա կեսերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ են հղել՝ հուշարձան-տունը փրկելու խնդրանքով։

Հայաստանի մշակույթի նախարարությունն, ըստ օրենքի, պետք է զբաղվի ոչ միայն Հայաստանում հուշարձանների պահպանմամբ, այլև՝ այլ երկրներում գտնվող հայկական հուշարձանների։ Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու ուղղությամբ պատրաստվում է որևէ քայլ անել, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ «տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար»: Այս հարցն ուղղեցինք ՀՀ կառավարությանը, թեև ճիշտ հասցեատերը մշակույթի նախարարությունն էր։ Սակայն  այս պահին հասկանալի չէ՝ ունե՞նք կամ կունենա՞նք մշակույթի նախարարություն, թե ոչ։

Հարցումն ուղարկել էինք դեռ հունվարի 17-ին։ Հունվարի 25-ին պատասխանեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:

Այսօր ի վերջո ստացանք «լրացուցիչ աշխատանք» պահանջած հարցի պատասխանը, ինչը կարող էինք կարդալ նաև մշակույթի նախարարության կանոնադրության մեջ, իսկ հարցի պատասխանը լիարժեք բացակայում էր,  անհասկանալի՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու ուղղությամբ պատրաստվում է որևէ քայլ անել։

«Օտարերկրյա պետություններում հուշարձանների պահպանությունն իրականացնում է տվյալ երկրի լիազոր մարմինը, և այս պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է միայն աջակցել մասնագետների, խորհրդատվության և օրենքով չարգելված այլ միջոցների տեսքով՝ միջազգային կոնվենցիաների և երկկողմ միջազգային պայմանագրերի, ստորագրված այլ փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների կամ առևտրային ներկայացուցիչների տեղակայման հարցը նույնպես կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով, միջպետական պայմանագրերով՝ հյուրընկալ պետության հետ հարցը վերջնական համաձայնեցնելուց հետո։

Կատարող՝ ՀՀ մշակույթի նախարարություն
Վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյան»,- նշված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում։ 

Placeholder