Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի, պարգևավճարների մասին
Տնտեսություն
17:23 07/02/2019
Հայաստան

Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի, պարգևավճարների մասին

«Օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը»,- այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության ծրագիրը քննադատության տեղիք է տվել, քանի որ այնտեղ բացակայում են կոնկրետ թվերը:

Նրա խոսքով՝ այն տեսակետը, թե կառավարության ծրագրում պետք է մենակ թվեր լինեն, կամ եթե ինչ-որ թիվ չկա, ուրեմն այդ ծրագիրը թերի է, բնականաբար, նման տեսակետներ կարող են լինել, բայց որպես բացարձակ ճշմարտություն չի կարող ընդունվել: «Ներկայացվող ծրագրին պահանջներ չկան, հետևաբար, յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում, թե ինչը շեշտադրի ու ինչ չափով»,- ընդգծեց նախարարը: 

Դիտարկմանը՝ ընդդիմախոսները նշում են, որ այդ թվերը չկան, ինչը նշանակում է` կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից, Ատոմ Ջանջուղազյանն ասաց,  որ որևէ մեկի ճաշակով որևէ թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին այդպիսի գնահատական տալն առնվազն լրացուցիչ ճշգրտման կարիք ունի. «Պատասխանատվությունից  խուսափելու մասին այս դեպքում խոսելը տեղին չի»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե այդպես ինչպես է ստացվել, որ ֆինանսների նախարարը  5 մլն դրամից ավելի պարգևավճար ու աշխատավարձ է ստացել, նախարարը պատասխանեց. «Իմ զբաղեցրած պաշտոնը վերջին 20 տարվա ընթացքում այնպիսին է, որ կան օրենքով նախատեսված պահանջներ, թե որքան չափով ես պետք է հրապարակային լինեմ, թե ինչ անձնական տվյալներ եմ պարտավոր հրապարակել և դրանք հրապարակված են: Դուք կարող եք հանգիստ ուսումնասիրել, թե որքան եմ ստացել 2017 թվականին աշխատանքի դիմաց վարձատրություն և դուք ոչ շատ հեռու ապագայում հնարավորություն կունենաք նաև համեմատելու, թե ինչքան եմ ստացել 2018 թվականին: Դա մոտավորապես 10 տոկոսի տարբերություն է: 10 տոկոս ավելի, քան 2017 թվականին»:

Դիտարկմանը՝  ֆինանսների նախարարությունը շուրջ կես  մլն դոլարի պարգևավճարներ է բաժանել, արդյոք շատ չէ այդ ցուցանիշը, նախարարը պատասխանեց. «Մեր երկրում լավ կլինի դրամի մասին խոսել դրամային արտահայտությամբ, և այդ շատ ու քիչը ես չէ, որ պետք  է համարեմ: Այդտեղ էլ ձեզ պետք է առաջարկեմ առաջնորդվել օրենսդրությամբ»:

Ըստ նրա՝  ԱԺ կողմից հաստատված բյուջեի մասին օրենքով սահմանված չափից ավելի չեն եղել: «2018 թ-ին եղել է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս + 30 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է պարգևավճարները հանելուն, ապա ճիշտ հակառակը, 2019 թ-ի բյուջեում բոլորի համար է նախատեսված այդ 30 տոկոսի չափով պարգևատրումները, ինչը Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի համար նշանակում է նվազում»,-ասաց նա:


 

Placeholder
Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի, պարգևավճարների մասին