Ովքեր պարգևավճար չստացան, բայց հարկ էր առաջինը ստանային
Հասարակություն
16:11 07/02/2019
Հայաստան

Ովքեր պարգևավճար չստացան, բայց հարկ էր առաջինը ստանային

Ամանորից  հետո մեծ աղմուկ բարձրացրած  անհավանական բարձր պարգևավճարների թեման դեռ շարունակվում է  քննարկվել: Եթե որոշ մարդիկ համարում են, որ պարգևավճարները նորմալ են, դրանով գնահատվում է պաշտոնյաների կատարած աշխատանքը, շատերի մոտ էլ հարց է առաջանում՝  երկրում իրավիճակի փոփոխությունից հետո, արդյոք, նպատակահարմար էր այդ չափ  խոշոր գումարներ հատկացնել:

Մարդիկ նաև հարց են բարձրացնում՝  ինչու պետք է որոշ պաշտոնյաներ, որոնց աշխատավարձն առանց այն էլ բարձր է, 150 տոկոսի չափ  պարգևավճար ստանան, իսկ սովորական աշխատողների պարգևավճարները  նույնիսկ աշխատավարձի չափով  չի եղել, այլ՝ սիմվոլիկ գումար:

Օրեր առաջ  Panorama.am-ն անդրադարձել էր Հայաստանի տարբեր մասերում ծառայող պայմանագրային զինծառայողներին, որոնց խոստացած պարգևավճարն այդպես էլ տեղ չէր հասել։ Ի դեպ, այսօր էլ պայմանագրայինները  հայտնեցին, որ խոստումները դեռ շարունակվում են, բայց  արդեն հույս էլ չունեն, որ իրենց հասանելիք գումարը կստանան:

Նույն խնդիրն առկա է նաև փրկարարների մոտ, այն փրկարարների, որոնք գիշեր-ցերեկ  աշխատում են ամենատարբեր իրավիճակներում: Անխոս բոլորը պարտավոր են ըստ արժանվույն գնահատել հատկապես պայմանագրային զինծառայողների, փրկարարների աշխատանքը, նրանց նվիրվածությունը:

Panorama.am-ի հետ զրույցում մարզերում աշխատող փրկարարներն ասացին, որ իրենք առանց այդ էլ ցածր աշխատավարձ  են ստանում,  և պարգևավճարները, կարծես թե, փրկություն լինեն: Նրանց խոսքով՝ Ամանորից հետո խոստացել էին, որ բոլորին պարգևավճարներ կտրամադրեն, սակայն չեն տվել, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ ոչ մի գումար էլ չլինի:

«Հույս ունեինք, որ աշխատավարձի հետ այդ գումարն էլ կլինի, բայց՝ չկա: Փաստորեն երկրում ոչինչ էլ չի փոխվել, բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյանները պարգևատրվում են, իսկ մեզ, որ գիշեր-ցերեկ դիակներ ենք հանում, մարդկանց ենք օգնում, չեն գնահատում, մենք ոչ մի արժեք չունենք»,- նեղսրտած ասացին փրկարարները: 

Հետաքրքիր է, թե պաշտոնյաններն ինչպես կարդարացնեն այս փաստը: Մենք ևս բոլոր սպասողների հետ կսպասենք պատասխանատուների արձագանքին։

Placeholder
Ովքեր պարգևավճար չստացան, բայց հարկ էր առաջինը ստանային