Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան. Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր հայեցակարգային պատկերացումներին
Գործադիրի այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության նախորդ նիստում, սակայն այն չէր հաստատվել, որպեսզի որոշ խմբագրական աշխատանքներ իրականացնեն:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, փորձել են մաքսիմալ մշակել ստացված առաջարկները և ներառել նախագծում:
«Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- նշեց Մհեր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու օր առաջ հրապարակված կառավարության ծրագրի հետ կապված եղել են որոշակի արձագանքներ, որոնց շուրջ կառավարությունում քննարկում են նախաձեռնել:
«Դա մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ և ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից. «Այդ հնարավորությունները պետք է լինեն կիրառելի, այլ ոչ դեկլարատիվ, և մարդիկ կարողանան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով»: