Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի.  Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
11:27 12/02/2019
Հայաստան

Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բոլորս կետ առ կետ կարդացել ենք ծրագիրը, և  կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով, ցանկություններով լի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:

«Չեմ թաքցնում, որ կան 2-3 դրույթներ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Թույլ տվեք, որ դա մեր ելույթներում ասենք»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն դրական է գնահատում կառավարության ծրագիրը և   խմբակցությունը կողմ է քվեարկելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.«Եղել է քաղաքական հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել  չենք կարող»:

Նրա խոսքով՝  տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր կառավարության ծրագրում բացակայում է։ Այսինքն՝ այնտեղ որևէ թիվ, մեխանիզմ նշված չէ:

Դիտարկմանը՝ ներդրումների համար հիմք չի՞ տեսնում, Գագիկ Ծառուկյանը  նշեց, որ հենց այնպես  ներդրում չի կարող լինել. «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխել, ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում: Մերը պետք ավելի լավ լինի, շահույթն ավելի մեծ, որ ներդրողները գան Հայաստան»։

Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց՝ եթե քաղաքական  հեղափոխության համար անհրաժեշտ էր  ունենալ «դուխ և կամք»,  տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա աղբյուրները, որոնք բացակայում են կառավարության ծրագրում:

Placeholder
Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան