Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա
Տնտեսություն
14:03 13/02/2019
Հայաստան

Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա

2019 թվականին սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրան  գազի գնի վերաբերյալ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ եթե բանակցությունների արդյունքում չգտնվեն ծախսերի կրճատման հնարավոր ուղիները, կստացվի, որ ներքին պարտք է կուտակվում:

«Արդյոք ունե՞ք պատկերացում, թե ինչպես է այդ պարտքը մարվելու, ի՞նչ գույքով»,- նշեց պատգամավորը:

Հարցին ի պատասխանեց վարչապետն ասաց. «Ես ձեր մտքերի ընթացքը չեմ հասկանում, իսկ ով ասաց, որ ներքին պարտք է կուտակվել: Ես շատ հստակ այդ մասին հայտարարել եմ, ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ փաստորեն հայտարարել եմ՝ գազի գինն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Եվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ինչքանով է գնում գազը, դա ուրիշ թեմա է, իսկ պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ, և մենք ասել ենք, որ 2019 թվականին չի բարձրանա գազի գինը: Մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն: Նա վստահեցրեց, որ կառավարությունն այդ քննարկումները պետք է իրականացնի ու պաշտպանի Հայաստանի շահերը:

Վարչապետի խոսքով՝ պատգամավորի խոսքում ակնարկ կար ՀայՌուսգազարդի հայտնի պայմանագրի մասին, որի դիմաց բաժնետոմսեր տրվեցին ընկերությանը: «Այսպիսի բան չկա և չի լինելու:  Համենայնդեպս, 2019 թվականի համար որևէ նման սխեմա չի գործելու: Հակառակը, մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման, կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ընդգծեց Փաշինյանը:

Placeholder
Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա