Կառավարությունն ու ռեստորանատերերը եկել են պայմանավորվածության, բայց դրանով պայքարը չի ավարտվում
Տնտեսություն
15:38 22/02/2019
Հայաստան

Կառավարությունն ու ռեստորանատերերը եկել են պայմանավորվածության, բայց դրանով պայքարը չի ավարտվում

Կառավարությունն ու ռեստորանատերերը եկել են պայմանավորվածության. սպասարկման ոլորտի ընկերությունների՝ շրջանառության հարկի բարձրացման դեմ ուղղված բողոքն արդյունք  է տվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ 2019 թ-ի հունվարի 1-ից՝ 6 տոկոսին գումարվում էր ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն  8 տոկոս շրջանառության հարկ։  Բացի այդ, Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին ևս շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրանալու է՝ հասնելով 10 տոկոսի: 

Այս փոփոխությունները լուրջ դժգոհություններ էին առաջացրել և ընկերությունները  պահանջում էին շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս: Նրանք հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո ոլորտի պատասխանատուներին հանձնարարվեց համատեղ քննարկել խնդիրը և ընդհանուր հայտարարի գալ:

«Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշոտ Բարսեղյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ աշխատելուց, քննարկելուց հետո եկել են համաձայնության: Այսպիսով, նախատեսվում է մինչև 2022 թվականը շրջանառության հարկը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս, որից հետո գործարարներին կառաջարկի ընտրություն 10% շրջանառության հարկ՝ նվազեցնելով հիմնավորված ծախսերի 6%, կամ՝ ԱԱՀ հարկման դաշտ:

Աշոտ Բարեղյանի խոսքով՝ այս ընթացքում սպասարկման ոլորտի ընկերությունները կնախապատրաստվեն և կկարողանան առանց ցնցումների անցնել հարկման այլ ռեժիմի:

«Մենք դրա համար էինք պայքարում, քանի որ արագ փոփոխությունները խնդիրների առաջ էր կագնեցնելու բիզնեսին: Կարող են հարկեր բարձրացնել, բայց ժամանակ է պետք, որ բիզնեսը դրան հարմարվի: Քննարկման արդյունքում պաշտոնյաները հասկացան, որ բարձրացումն իսկապես բացասական հետևանքներ կունենա»,- նշեց նա: 

Շրջանառության հարկի հետ կապված խնդիրները լուծելուց հետո, Հայկական ռեստորանների միության անդամներն այժմ էլ պատրաստվում են ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկել ծխելու դեմ պայքարի օրինագիծը, որը, ըստ Աշոտ Բարսեղյանի,ևս խնդիրներ է ստեղծելու բիզնեսի համար:  

Նրա խոսքով՝  սպասարկման ոլորտի ընկերությունները դեմ են օրենքի նախագծի այս տարբերակին, քանի որ կան անհասկանալի ձևակերպումներ, որոնք վերաբերում են ծխախոտի օգտագործման սահմանափակմանը:

Այսպիսով, ըստ «Հայկական ռեստորանների միության» համակարգողի, պատրաստվում են առաջիկայում առաջարկություններ ներկայացնել Առողջապահության նախարարությանը, որ որոշ կետեր վերաձևակերպեն: Վիճահարույց կետերից մեկը վերաբերում է տուգանքներին:

«Տուգանքների չափը չհիմնավորված է: Մենք էլ ենք ուզում, որ մարդիկ առողջ լինեն, չծխեն, բայց փաստն այն է, որ ծխում են: Տուգանքի չափ են սահմանել, որը անհասկանալի է, մասնավորապես, փակ տարածքում ծխելու համար սահմանել են 50 հազար դրամի տուգանք,  իսկ տնտեսվարողների համար այն կկազմի 700 հազար դրամ: Ոչ մի լոգիկա գործողությունների մեջ չկա»,- ասաց Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով, որ հիմա բանակցությունների մեջ են առողջապահության նախարարի հետ:

Նրա խոսքով՝ արագ գործողություններով որևէ արդյունքի չեն հասնի, արագությունը արդյունավետության թիվ մեկ թշնամին է:

«Օրենք են գրել, որով  շատ հարցեր են առաջացել: Միանգամից, կտրուկ քայլերով խնդիրները չեն լուծվում,ամբողջ աշխարհում աստիճանաբար են դրան հասել, իսկ մեզ մոտ ուզում են միանգամից հասնել»,- ասաց նա:

Placeholder
Կառավարությունն ու ռեստորանատերերը եկել են պայմանավորվածության, բայց դրանով պայքարը չի ավարտվում