Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում. Զեյնալյան
Իրավունք
12:44 22/02/2019
Հայաստան

Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում. Զեյնալյան

ԱԺ մարդու  իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում  աշխատանքային քննարկման ժամանակ, որին ներկա էր  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադարձ եղավ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին։

Նախարարը նշեց, որ կալանավորներից  մեկին, ով գտնվում էր կարանտինի մեջ, տեղափոխվել էր ՔԿՀ, գտել են կախված վիճակում:

«ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ, այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, բայց գործը դեռևս նախաքննության փուլում է։ Ինքնասպան եղած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար»,- ասաց նա:

Այնուհետև Զեյնալյանը տվյալներ  ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ. «Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»։

Ինչ վերաբերում է դատավորներին, նախարարն ասաց, որ ՀՀ-ն 100 000 բնակչի հաշվարկով ունի 7 դատավոր և նրանց քանակը 232-ն է այս պահին:

«Ունենք դատավորների թափուր հաստիքներ, այս ոլորտը ևս դադարել է լինել հրապուրիչ: Դատավորների վարույթում մի քանի հազար գործ կա, օրինակ՝ 15 քրեական գործից ավելի մեկ դատավորի վարույթ լինելու պարագայում արդեն այն արդյունավետ չի, իսկ իրենց վարույթում լինում են 40 և ավելի գործեր։ Օրինակ քաղաքացիական գործերով քննող դատավորներից կոնկրետ մեկի վարույթում եղել է 3537 գործ: Դատավորն ունի նաև արձակուրդի իրավունք և պետք է օգտվի իրեն հասնող արձակուրդի իրավունքից»,-ասաց նա:

Placeholder
Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում. Զեյնալյան