Դավիթ Տոնոյան. Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում
Քաղաքական
11:15 26/02/2019
Հայաստան

Դավիթ Տոնոյան. Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում

«Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,-այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

Ճշտող հարցին, հարձակվելո՞ւ ենք նաև,  նախարարն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, Տոնոյանն ասաց, որ ուշադրություն են դարձնելու որակական խնդիրներին. «Դուք տեսաք, մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու։ Խոսքը նաև «ՍՈՒ»-երի մասին է»։

Անդրադառնալով քննադատություններին, թե դրանք թանկ են ու նման ծախսն արդարացված չէ, Տոնոյանն ասաց, որ իր համար ավելի թանկ է մեկ շարքային զինծառայողի կյանքը։

«Եթե երկու օդաչու «ՍՈՒ»-երով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա կատարել խնդիր և կատարել հազարավոր զինծառայողների խնդիրը, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը։ Նախկինում էլ, այսուհետ ևս մեր զինծառայողի կյանքը մեզ համար ամենից թանկն է, և մենք գտնելու ենք էֆեկտիվ լուծումներ հակառակորդին զսպելու և հաղթելու»,-նկատեց  նախարարը։

Հարցին, թե ՀՀ ԶՈՒ-ն սկսել է նաև հարձակողական զենքեր գնել, Տոնոյանը հաստատեց, ապա հիմնավորեց. «Փոխվում է նաև հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել։ Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»։

 

Placeholder
Դավիթ Տոնոյան. Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում