Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
18:51 27/02/2019
Հայաստան

Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու. ԿԳ նախարար

«Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրավիրում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հորդորելով չքվեարկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգտին:

Նրա խոսքով՝ անհիմն են այն հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է գործադրվում, քանի որ ցանկանում են ռեկտորի պաշտոնում իրենց թեկնածուին տեսնել:

«Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ: Ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ չտրվել այս սադրանքներին: ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և՛ գիտխորհրդում, և՛ բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»,- մանրամասնեց նախարարը։

Ինչ վերաբերում է անցկացվող ակցիաներին՝ նա նշեց, որ իրենց համար ընդունելի է օրենքի շրջանակում անցկացվող ցանկացած ակցիա. «Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու, օրենքով երկիր է, թող իրականացնեն»։

Placeholder