Իրանական գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս. Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն
15:54 28/02/2019
Հայաստան

Իրանական գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս. Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր, նշեց, որ այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքներն արդյունավետ օգտագործելու համար:

«Կարծում եմ, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ, այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել ծավալները, սակայն ավելի մանրամասն տեղեկություն կարող են ասել Էներգետիկայի նախարարությունից»,- ասաց նախարարը:

Հարցին, թե տեխնիկապես խողովակաշարը թույլ կտա՞ մեծացնել Իրանից գազի ներմուծման ծավալները կամ Վրաստան տեղափոխել,  Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որքանով տեղյակ է, գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս:

Ինչ վերաբերում է իրանական ներդրումներին,  նախարարը նշեց՝  Վանաձորում կա իրանական մեկ ներդրող, որը նախատեսում է զբաղվել պլաստիկ գազաբալոնների  արտադրությամբ: Դրանք արտահանվելու են և հիմնական երկրներն էլ լինելու են ՌԴ-ն ու Եվրոպան:

«Ասում են, որ գարնան վերջին սարքավորումները կներկրվեն, որից հետո արտադրությունը կգործարկի: Վստահ եմ, որ դա միակ իրանական ներդրումը չէ»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ կազմակերպչական հարցեր կան, որոնց լուծումն ընթացքի մեջ է: Դրանք վերաբերում են հողերի ձևակերպումներին:

Նրա խոսքով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ու արտահանման ներուժի ռեժիմը չի տարբերվում  Հայաստանում առկա պայմաններից: «Հայաստանում եղած մյուս բոլոր ռեժիմները նույնպես բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար։ Այսինքն՝ այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը ուղիղ կապված  չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ գոտին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

Placeholder
Իրանական գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս. Տիգրան Խաչատրյան