Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանն այս երկու ամիսներին դեռևս աչքի չի ընկել նոր օրինագծերի առատությամբ։ ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնապես շրջանառության մեջ այս պահին դրված է 55 օրինագիծ, որոնք նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցեր են։
Ներկայացրած նախագծերից հասկանում ենք, թե որ խմբակցություններն են առավել ակտիվ գտնվել այս շրջանում։ Իհարկե, մինչ խմբակցությունների ակտիվությունը, նշենք, որ 55 օրինագծից 30-ը կառավարությունն է հեղինակել։
Խմբակցությունների մասով նկատում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» ներկայացրել է ընդամենը 10 օրենսդրական նախագիծ, 26 անդամ ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ը` 8, իսկ 18 հոգանոց «Լուսավոր Հայաստանը»՝ 7:
Ստացվում է, որ ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն ամենապասիվն է այս հարցում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ իրենց ներկայացրած օրինագծերից մի քանիսը այս գումարման ԱԺ-ին են անցել նախորդ գումարման խորհրդարանից։ Մասնավորապես նախկին «Ելք»-ի, ներկայումս «Իմ քայլի» պատգամավորներ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հրաչյա Հակոբյանի՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
«Իմ քայլ»-ում նոր նախագծեր ներկայացրել են Կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, իսկ նոր պատգամավորները դեռևս լուռ են այս հարցում։
Նշենք նաև, որ կառավարության վերջին նիստերին մերժվել են ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից ներկայացրած մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց թվում էր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նման առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև Էդմոն Մարուքյանը։
Վերջին նիստում էլ կառավարության հավանությանը չարժանացավ ԲՀԿ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Հիշեցնենք նաև, որ այդքան քննարկված ու քննադատությունների արժանացած Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը մարտի 5-ին մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել։