«Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
Մշակույթ
22:38 02/03/2019
Հայաստան

«Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»

«Խորենացի 13 հասեցում գտնվող շենքը կարելի էր վերականգնել, կոնսերվացնել։ Գտնում եմ, որ քանդելը սխալ է, ափսոս է, արժեր ինտեգրել քաղաքի կառուցապատման կամ  Խորենացի փողոցի համայնապատկերի մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Գարեգին Եղոյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր  վերականգնել  Խորենացի 13 հասեցում գտնվող 1950-ական թվականների կառուցված շենքը։

Նա նշեց, որ շենքի ճակատն իբրև զարդանախշված ճարտարապետական արվեստի կոթող էր։
«Ափսոսում եմ, որ այլևս չի լինելու, կուզենայի մնար և կիրառության գտներ։ Համոզված եմ, որ ճարտարապետությունն ունի սեփական, ինքնուրույն ուժ, ունակ է լուծել այդ հարցերը։ Նկատի ունեմ ճարտարապետություն արվեստը։

Քանդելու համար շատ մեծ խելք պետք չէ, իսկ պահելու համար պետք է մտածել, գտնել որոշակի լուծում։ Կարծում եմ՝  լուծումներ գտնել կարելի էր։ Կուզենայի մնար թե իր ինտերիերի մեջ, թե իր ճակատով։ Այդ շենքի վրա թափված աշխատանք կա։ Բարձր որակի, շատ մեծ պրոֆեսիոնալիզմով արված շենք էր։ Արհեստավարժ ճարտարապետներ են արել»,- ասաց ճարտարապետը։

Դիտարկմանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հաճախ է կրկնում, որ իր օրոք որևէ շենք չի քանդվելու, փաստ է, որ քանդվում է, Գ. Եղոյանն ասաց. «Այո, ցավով նշեմ, որ այդպես է։ Կրկնեց, որ չի քանդվելու։ Կարծես թե երկրորդ կառույցն է, առաջինը «Փոքրիկ երգիչների» շենք էր, որը բացիթողի վիճակ էր, մարդիկ ժամանակին չանդրադարձան դրա ամրացմանը, փլուզվեց։ Երկրորդն էլ սա է պարոն Մեսչյանի օրոք։ Ափսոս չի կարողանում իր խոսքը պահել։
Կարծում եմ՝ շահերի բախում կա, ինչ-որ մարդիկ երևի գնել են ժամանակին,  իր ուժը չի հերքիում կանխել դա  կամ օրենսդրական դաշտը շատ կատարյալ չէ այդ հարցը լուծելու համար։ Չեմ կարողանում ինչ-որ  դեղատոմս առաջարկել դրա համար»։

Ճարտարապետի խոսքով, ստեղագործող մարդուն երբ դնում ես սահմանափակումների մեջ, ինքը փնտրում է ավելի հետաքրքիր լուծումներ, սահմանափակումները դրան է բերում, մարդուն դարձնում են ավելի ստեղծագործ։

«Սա շատ լավ տարբերակ էր այդ հայեցակարգն օգտագործելու համար»,- ընդգծեց Գարեգին Եղոյանը։

Ճարտարապետ, Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է շենքը քանդելուց տեսանյութ ու գրել. «Սա համարում եմ անթույլատրելի, թեպետ հիմնավորումները գիտեմ,
մանրամասն կգրեմ հետո»։

Ճարտարապետ Արտակ Ղուլյանին այն, ինչ կատարվում է Խորենացի 13 հասեցում, հիշեցնում է Անիի ավերակները։

«Շարունակում եմ և շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի, թե ինչու հնարավոր դարձավ Երևանի ճարտարապետական ժառանգության ոչնչացմանն ուղղված այս հանցագործությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

1950-ականներին կառուցված շենքում նախկին լուսավորության նախարարությունն է գործել։

Ի դեպ, նշենք՝ Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:

Լուսանկարները՝ Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան էջից։ 
 

Placeholder