Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի. Կարեն Վարդանյան
Տնտեսություն
14:28 18/03/2019
Հայաստան

Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի. Կարեն Վարդանյան

«Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Youtube-ից շահույթ ստացողները հնարավոր է, որ հարկվեն:

Նրա խոսքով՝  եթե ցանկանում են պետությունը, տնտեսությունը զարգացնել, ապա պետք է հարկեր վճարեն. «Քաղաքացիության կարևոր էլեմենտներից մեկն այն է, որ աշխատող քաղաքացին հարկ է վճարում, որ երկիրը շեն լինի, իսկ եթե չի հարկվում, ուրեմն նա քաղաքացի չէ: Եթե մարդը չի ցանկանում վճարել, ուրեմն թող դիմի պատկան մարմիններին՝ իրեն անմեղսունակ ճանաչեն, որ որևէ պարտավորություն չունենա»:

Միաժամանակ նա նշեց, որ պետք է արդար հարկման մեխանիզմներ ներդնել, որ այնպես չստացվի՝ մեկը նույնչափ եկամուտի դեպքում ավելի շատ հարկ վճարի, մյուսն՝ ավելի քիչ:

«Օրինակ, աշխտանքային պայմանագրով մեր միության  աշխատողների ամսական  աշխատավարձը 400 հազար դրամ է, սակայն եկամտահարկ վճարելուց հետո նրանք  ստանում են 300 հազար  դրամ: Հիմա ինչու այն տաքսիստը, որի եկամուտը ամսական կազմում է 300-400 հազար դրամ, պետք է ընդամենը ամսական 12 հազար դրամ հարկ վճարի: Բնականաբար, դա անարդարացի է և պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել»,- ընդգծեց ԻՏՁՄ-ի տնօրենը:

Ըստ Կարեն Վարդանյանի՝ նույնը վերաբերում է երգիչներին:  Նրա խոսքով՝ երգիչները բոլորի նման եկամտահարկ պետք է վճարեն, իհարկե, ըստ նրա, նրանց դեպքում, պետք է որոշ ծախսեր հանել, քանի որ երաժիշտները համերգների ժամանակ մեծ գումարներ են տրամադրում սարքավորումների համար:

Placeholder
Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի. Կարեն Վարդանյան