Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը առաջարկում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը
Մշակույթ
17:12 18/03/2019
Հայաստան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը առաջարկում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում կինոգործիչների հետ հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման նպատակն էր վեր հանել  կինոարդյունաբերության մեջ առկա խնդիրները, գտնել դրանց լուծումները:

ԱԺ ԿԳ, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հանդիպման ժամանակ ասաց, որ փորձելու են լսել բոլոր առաջարկները, խնդիրները, բողոքները, որոնք երկար տարիներ գուցե լսելի չեն եղել և կինոյի զարգացման համար խոչընդոտ են հանդիսացել:

Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր  Հովհաննես Գալստյանը նշեց, որ ֆեդերացիան ՀՀ կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների երկու փաթեթ: Փաթեթներից մեկը վերաբերում է ֆիլմարտադրության համար պետական կառավարման մոդելի փոփոխությանը:

«Տասնամյակներ շարունակ երկիրը զարգացել է մի տրամաբանության մեջ, հիմա պետական կառավարման տրամաբանությունը, կարծես թե, փոխվում է: Ուստի խնդիր է առաջացել, որ ամեն ոլորտ համապատասխանեցվի կառավարության ընդհանուր տրամաբանությանը, իսկ գործադիրի տրամաբանությունը պետական կառավարման օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը»,- ասաց Հովհաննես Գալստյանը՝ հավելելով, որ հացադուլի իր պահանջներից մեկը հենց կինոյի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխությունն էր, քանի որ հայկական կինոյի զարգացման ամենամեծ խոչընդոտը կինոյի պետական կառավարման մոդելն է:

Կառավարության ներկայացրած առաջարկների երկրորդ փաթեթը, ըստ նրա, վերաբերում է օրենսդրական կարգավորումներին՝ սկսած «Կինոյի մասին» օրենքից:

Դերասանուհի, գրող, պրոդյուսեր Արմինե Անդան նույնպես նշեց, որ «Կինոյի մասին» օրենքն այսօր անհրաժեշտություն է, և այդ փաստաթղթում պետք է ամրագրվի այն ռազմավարությունը, ըստ  որի՝ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն կինոյի զարգացման համար:

«Խնդիրը նրանում է, որ մենք չունենք ոչ թե այս կամ այն, այլ՝  բարենպաստ պայմաններ: Օրինակ, պետության կողմից ֆինանսավորումը մինչ օրս ոչ մի տեղ հայտարարված չէ, պետությունը տալիս է դրամաշնորհ, բայց ինչի համար, տեղյակ չենք»,- ասաց Արմինե Անդան:

Ռեժիսոր Մարինե Զաքարյան էլ ասաց, որ նման հանդիպումների ժամանակ պետք է նշել առաջնահերթությունները և, ըստ այդմ, գնալ առաջ: Նա նույնպես անդրադարձավ պետական ֆինանսավորմանը. «Պետությունն ամեն տարի սահմանափակ ռեսուրսներից բավականին զգալի գումար է տրամադրում կինոյին և մեզ չափազանց հետաքրքիր  է, թե դրանք ինչպես են տնօրինվում: Հիմա պետք է քննարկենք, թե ինչ պետք է անել, որ այդ գումարների ծախսման արդյունավետությունը բարձրանա»: 

Placeholder
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը առաջարկում է վերանայել կինոյի պետական կառավարման մոդելը