ՏՄՊՊՀ-ը վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան
Տնտեսություն
11:15 20/03/2019
Հայաստան

ՏՄՊՊՀ-ը վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան

Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային  խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում: Ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում:

ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման  հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով,  որը հայեցողական մոտեցմամբ, համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ:

Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ,  հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ: 

Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով:

 

Placeholder
ՏՄՊՊՀ-ը վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան