ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
Իրավունք
11:10 25/03/2019
Հայաստան

ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մարտի 22-ին ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Placeholder
ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը