Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
Տնտեսություն
18:37 25/03/2019
Հայաստան

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 9.3%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝  փետրվարի համեմատ՝ 7.6%:

Վիճակագրության համաձայն՝  առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության  ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 21.6%-ով, նախորդ ամսվա համեմատ՝  29%-ով, իսկ 2018թ-ի փետրվարի համեմատ՝ 21.3%-ով:

Արդյունաբերության ոլորտում այս տարվա երկու ամիսներին գրանցվել է 1.9%-ի աճ,  ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 17.5 տոկոսով:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել են 13.1%-ով:

Սպառողական գները ևս  նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.3%-ով:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝  արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  7.7 տոկոսով: Ընդ որում` նվազում է նկատվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներում: Արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5.6 տոկոսով:

Հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.3%-ով:

 

Placeholder
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով