Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Panorama.am-ին հայտնեց, որ տեղափոխման պատճառը ոչ թե առողջության վատթարացումն է, այլ հերթական հետազոտությունը։
Նշենք, որ արդեն փետրվարին Մանվել Գրիգորյանը մի քանի օր գտնվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ստացիոնար բուժման։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։