ԵԽ պաշտոնյան հետաքրքրվել է Հայաստանի կալանավորումներից
Իրավունք
12:20 26/03/2019
Հայաստան

ԵԽ պաշտոնյան հետաքրքրվել է Հայաստանի կալանավորումներից

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:

Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է: 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:

Հանդիպման ընթացքում ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝  որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:

Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ  իշխանությունը  կարևորում  է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:

 

Placeholder
ԵԽ պաշտոնյան հետաքրքրվել է Հայաստանի կալանավորումներից