Ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է. ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
15:26 29/03/2019
Հայաստան

Ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է. ՊԵԿ նախագահ

«Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են  հրապարակում` 35, 40, 45, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, սակայն այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է»,-  այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը հայտարարել է՝ միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ՊԵԿ նախագահն ասել է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ստվերը 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի, ուստի այս պահին ո՞ր ցուցանիշն է ավելի մոտ իրականությանը:

Դավիթ Անանյանի խոսքով՝  կա Վիճակագրական կոմիտե, որի տվյալները պարտավոր  են ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել:

«Իհարկե 22 տոկոսը, որ ԱՎԾ-ն հայտարարել է որպես չհաշվարկված տնտեսություն, այդտեղ էլ մեթոդաբանության խնդիր կա։ Ինչ բան է չհաշվարկված տնտեսություն, ինչ բան է ստվերային տնտեսություն, դրանք մեթոդաբանական խնդիրներ են, և կարող են 50 տոկոսն ու 22 տոկոսը համադրելի տվյալներ չլինել»,- նշեց նա։

ՊԵԿ նախագահն ասաց, որ ճշգրիտ գնահատական ունենալու համար աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ներկայումս ոլորտային ստվերի գնահատման մեթոդաբանություն են մշակում։
Հարցին, թե ստվերը որքան է կազմում , Դավիթ Անանյանն ասաց, որ ինքը նման թիվ չունի։ «Ես գիտեմ, թե տարբեր ոլորտներում հիմնական խաղացողների և հարկ վճարողների մոտ իրական ստվերի բացահայտման ինչպիսի գործիքակազմ ունենք և ինչպես ենք պայքարում։ Մենք ոլորտների նկատմամբ մեր պատկերացումներն ունենք, բայց դրանք մեր ներքին աշխատանքային դատողություններն են»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ կարող է  նշել, թե որն է ամենաստվերային ոլորտը, ՊԵԿ նախագահն ասաց, որ ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է։ 

Placeholder
Ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է. ՊԵԿ նախագահ