ԱԱԾ-ն հերքում է. Վանեցյանն առնչություն չունի վառելիքի շուկայի հետ
Հասարակություն
12:47 30/03/2019
Հայաստան

ԱԱԾ-ն հերքում է. Վանեցյանն առնչություն չունի վառելիքի շուկայի հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքում է մամուլի այն հրապարակումը, թե «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առավելապես հետաքրքրված է վառելիքի շուկայով»։

«Այսօր՝  մարտի 30-ին, «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում տպագրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Սույն թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել և չեն ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ: Ուստի մեզ համար անհասկանալի է ապատեղեկատվություն տարածելու Ձեր դրդապատճառները:

Սույնով հերքում ենք հիշատակված հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք հրապարակել  հերքում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»։

Placeholder
ԱԱԾ-ն հերքում է. Վանեցյանն առնչություն չունի վառելիքի շուկայի հետ