Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ. Փաշինյան
Տնտեսություն
13:44 04/04/2019
Հայաստան

Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ. Փաշինյան

Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նպաստների ուշացմանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցը լուծել են:

Նախարարն ասաց, որ նպաստաների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված:

«Վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մեր ունեցած տեղեկություններով մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել համակարգի ներդրման հետ կապված: Մյուս փուլում խնդիր ենք ունեցել սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի միջոցով այդ վճարումներն իրականացնելու հարցում», - նշեց Զարուհի Բաթոյանը:

Փաշինյանը հարցը կրկնեց. «Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են»:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ վճարումները սկսվել են մարտի 29-ից  և օրենքով սահմանված կարգով 10 օրվա ընթացքում «Հայփոստը» պետք է տրամադրի:

«Բոլոր տարծքներում սկսվել են վճարումները, բայց մենք տեխնիկական խնդիր ունենք: Այս պահին դա իրականացրել ենք թղթային տեղեկանքների միջոցով բայց հաջորդ ամիս պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որ խնդիր չառաջանա», - նշեց նա։

«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», - հետաքրքրվեց վարչապետը։ Զարուհի Բաթոյանն արձագանքեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ նախապես չեն ապահովել տեխնիկական մասը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին կառավարության կայացրած որոշման համաձայն սահմանվել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը: Ըստ նրա՝  նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել են գործընկերներին ու խնդրել, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը:

«10 հազար օգտատերից մոտ 3 հազարինն է եղել վավեր: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ պետական մարմիններ, համայնքային մարմիններ և այլն»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նաև հայտնեց, որ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլորին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչև մարտի 21-ը։

«Փաստորեն, էդ 10 հազարը պետական ծառայողներ են, բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք և պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը: Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, որոնք հանձնարականը չեն կատարել ու նրանց անգործության պատճառով սոցիալապես անապահով մարդիկ ժամանակին չեն ստացել իրենց նպաստները:

«Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Placeholder
Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ. Փաշինյան