Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ
Քաղաքական
12:14 04/04/2019
Հայաստան

Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին գազալցակայաններում գազի գնի բարձրացմանը:

Նրա խոսքով՝ երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են տեղեկատվությամբ, թե գազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել, ուստի հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի տեղեկատվություն ներկայացնի:

ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրը նրանում է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ից գազի խտությունը գալիս է 7,9ով:

«Դա նշանակում է, որ խտությունն աճել է և տնտեսվարողներն իրենց ծրագրերի մեջ փոփոխությունների պետք է անեին, որը չեն արել, և սպառողները ստիպված են եղել ավելի գումար վճարել: Մենք բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել ենք, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի գումար վճարելու»,-ասաց նա:

Արմեն Կոտոլյանն նշեց նաև, որ ամեն օր «Գազպրոմ Արմենիան» գազի խտություն է տալիս ու ԱԳԼՃԿ-ներում այդ խտությունը պետք է փոփոխեն: Նա հիշեցրեց, որ կառավարությունը բնական գազի համար որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով, բայց դեռ այդ օրենքը չի ընդունվել ԱԺ-ում:

Վարչապետը հարցրեց, թե դա հնարավո՞ր է կապված լինի այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացնում են գազալցակայաններում: Խոսքը վերաբերում է  ստվերի կրճատմանն ու չարաշահումների դեմ պայքարին. «Հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերը իրենց խելքով փորձում են այսպիսի պրովոկատիվ գործողություններով որոշակի դժգոհություն հարուցել: Հնարավո՞ր է այս սցենարը»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ տեսականորեն հնարավոր է:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է. «Ուզում եմ արձանագրել, որ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել: Երկրորդ, նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ դա կապված է կառավարության կողմից ընդունված օրենքի նախագծի հետ: Նախ, այդ օրենքը ԱԺ-ում դեռ չի քննարկվել: Երկրորդ, մեր փորձագիտական գնահատականներով, այդ օրենքը  չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետևաբար, որքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք այլ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, թե իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ուզում եմ բոլորին վերջին անգամ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հարված կստանան անձնապես, բոլորն առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում, շատ հասցեական եմ ասում»:

Նա հանձնարարեց ՊԵԿ-ին  և այլ պատկան մարմիններին շատ արագ արձագանքել, գտնել ու խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ստվերի դեմ պայքարում կոմպրոմիս չունեն.  «Չլինի Հայաստանում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի: Եթե պետք է ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած էդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվի հարստացողներ մարդիկ Հայաստանում չեն լինելու: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա հստակ արձանագրենք»:

Փաշինյանը սա համարեց ազգային անվտանգության հարց, ապա դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հանձնարարեց ուշադրություն դարձնել այս թեմային:

«Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այդ հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ:  Ընդհուպ սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝  իհարկե որևէ կերպ կասկածի տակ չդնելով Հայաստանում խոսքի ազատության իրավունքը», -ասաց վարչապետը:

Placeholder
Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ