Դարձյալ 1996-ի մասին
Քաղաքական
11:25 06/04/2019
Հայաստան

Դարձյալ 1996-ի մասին

Եթե փորձենք մխիթարվել «չկա չարիք առանց բարիքի» ճշմարտությամբ,  ապա  նույնիսկ  իշխանափոխված Հայաստանում թափ առած  ընտրովի արդարադատության պայմաններում կարող ենք պեղել մի առողջ հատիկ: Օրինակ, Մարտի 1-ի վերաբացված գործի բացահայտ միակողմանիության ու միտումնավորության հանգամանքը ստիպեց վերհիշել 1996-ի սեպտեմբերի 25-ը, որն իր քաղաքական ու իրավական գնահատականն այդպես էլ չէր ստացել: Ահա չարիքի բարիքը՝  վերջապես կխոսվի այդ խայտառակ օրվա  մասին և   կպատժվեն այդ օրը ժողովրդի դեմ  տանկեր հանողները: 

Գործադիր և օրենսդիր մարմիններում ներկայումս քաղաքականությամբ զբաղվողներից ոմանք  ասում են, որ իրենց հայացքները ձևավորել են  մարտի 1-ի ծեծուջարդերն ու  անարդարությունը: Փաստորեն,  դրա հիման վրա էլ նրանք ստեղծել են արդարության համար մարտնչող առաջնորդի  և ժողովրդին ճնշող դաժան բռնակալի կերպարները: 

Նման մակերեսային դիրքորոշումը կարող է ներվել միմիայն   սահմանափակ մտածողությամբ, իր  հոգսերից զատ ուրիշ ոչինչ չտեսնող  մարդու համար: Բայց եթե ինքդ  քեզ իրավունք ես վերապահում քաղաքական գործիչ կոչվելու, ապա պարտավոր ես իմանալ առնվազն անկախացած Հայաստանի պատմութունը: Այն էլ ոչ թե սեփական նախասիրությունների թելադրանքով կամ ինչ-որ մեկի պատմելով, այլ ինքնուրույն ուսումնասիրելով և հետևություններ անելով: 

Փառք Աստծո, աղբյուրները ծովից շատ են՝ համացանցը, թերթերը, տեսաձայնագրությունները և ի վերջո՝ մարդիկ, ում կյանքի միջին շրջանն է համընկել անկախության տարիներին, այսինքն՝ խելքը գլխներին է եղել և սկզբում, և հիմա:  Ունենալով տեղեկություններ ստանալու այսչափ հնարավորություններ և չօգտվել դրանցից՝ նշանակում է լինել  կամ  մանկամիտ, կամ   ծրագրավորված: Պատմությունը սոսկ այն չէ, ինչ քո աչքով ես տեսել... Մեր սերունդն էլ  շատ բան չի տեսել, բայց երբեք  կասկածի տակ չենք  դրել մեր հայրերի պատմածները Հայրենական պատերազմի մասին և պապերի պատմածները  Եղեռնի սարսափների մասին:  Բայց սա այլ թեմա է, որին պետք է անդրադառնալ լուրջ ու հանգամանալից, ինչը  և կանենք առաջիկայում: Իսկ առայժմ՝ 1996-ի մասին:

1996-ի սեպտեմբերի 25-ը մի օրում չեղավ: Դրան նախորդել էին  բազմաթիվ խորը հիասթափություններն իշխանություններից՝ ՀԱԲ-ի լուծարումը 1990-ին, տնտեսության կատաստրոֆիկ անկումը, քաղաքական չբացահայտված սպանությունները, 1994-ին ՀՅԴ գործունեության կասեցումը՝ գույքի առգրավմամբ և լրատվամիջոցների փակմամբ, ուժի ցուցադրում՝ ի դեմս  1995-ի հունիսի 21 Երկրապահի հանրահավաքի,  1995թ. հուլիսի 5-ին  միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ԱԺ «ազատ, բայց ոչ արդար» ընտրությունները և այլն, և այլն:   Ի լրումն այդ ամենի՝ ցուրտ ու մութ տարիներ  նաև  թալանված մազութի հետևանքով, և  հասարակությանը շերտերի, խավերի, օտարների  ու յուրայինների բաժանում: Իսկ ամենավատն այն էր, որ անկախ Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքական հակառակորդների դեմ  քրեական հետապնդումներ իրականացնելու վատ սովորությանը: 

Հիասթափությունները շատ խորն էին այն պատճառով, որ հհշականներին իշխանություն դարձրած ժողովուրդն իրոք հավատում էր նրանց: 1988-89-ին ազգային  իրական զարթոնքն ու միասնությունը  ԼՏՊ-ականների հանցավոր գործունեության  հետևանքով  փոշիացավ  ընդամենը 2-3 տարի անց: 

1996 թվականի սեպտեմբերի 22-ի  նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը դարձավ հիասթափության վերջին կաթիլը և սեպտեմբերի 25-ին լրջագույն առճակատում տեղի ունեցավ ժողովրդի և իշխանությունների միջև: Վերջիններս  առանց արտակարգ դրություն հայտարարելու զորք մտցրեցին մայրաքաղաք:  Սեպտեմբերի 26-ին կատարվեցին  ձերբակալություններ, ուղիղ հեռարձակմամբ տեսանք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություններ հենց նիստերի դահլիճում, ԱԺ-ում գլխատվեց  ընդդիմությունը, փակվեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները: Ռեպրեսիվ այս միջոցները ծնեցին ավելի մեծ հակազդեցություն, ինչը և հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին 1998-ի փետրվարի 3-ին:

Այս ամենը բոլոր մանրամասներով արձանագրված է ժամանակի մամուլում, և դաջված է ականատեսների հիշողության մեջ... այլ հարց է, թե ինչու են  նույն այդ ականատես-մասնակից-լրագրողներից ոմանք հիշողության մասնակի կորուստներ ունենում, ինչից պատմությունը, միևնույն է,  չի փոխվում:

Գիտեք ի՞նչն էր այս սեղմ էքսկուրսի պատճառը... այսօրվա և լևոնական իշխանությունների նույն կեցվածքը ազգային անվտանգության, մեր արժեքների ու պատմության, ՀՀ քաղաքացու  նկատմամբ: Չնայած ո՜չ, աշակերտը գերազանցեց ուսուցչին...  և  2019թ. ապրիլի 5-ին Հայաստանում կատարվեց մի բան,  ինչի մասին  1996-ին խոսք անգամ լինել չէր կարող՝ ԱԺ ամբիոնից իր դարդերը լացեց տրանսգենդեր մեկը: Ահա «Իմ քայլի»  բերած արժեքները: Եթե սա է նոր Հայաստանի դեմքը, ուրեմն հազար անգամ փառք հին Հայաստանին:

Իմիջայլոց, ապրիլի 5-ը առանձնացավ ևս մեկ զարմանալի  նորությամբ՝  ՀՔԾ-ն մերժեց Շիրխանյան Վահանի սրտաճմլիկ  նամակի հիման վրա 1998-ի ընտրությունների մասով նոր մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահին: Սույն նամակի հայտնվելուն պես գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բազմաստիճան ծրագիր է իրականցվում: 

Նշյալ անձը հենց այնպես նամակագիր չէր դառնա:   Բայց սցենարը ընթացքում փոխվեց՝  հավանաբար զգուշանալով առանց այդ էլ հաճախացած միջազգային  կոշտ արձագանքներից:  Կամ էլ հասկացան, որ հհշական ակտիվացած գործիչներն ընդամենը կրակած փամփուշտներն են և նրանց վրա հենվելով՝ ավելի շատ  կորուստներ են գրանցում, քան  հաջողություն: Իհարկե, տարակուսանք է առաջացնում ՀՔԾ հիմնավորումը՝ գործ չի բացվում «վաղեմության» պատճառով:

Այսինքն՝ կարող ենք մտածել,  որ  1996-ի մասին կարող ենք խոսել, հիշել, պատմել, բայց չակնկալել, որ  պատասխանատվության կենթարկվեն մեղավորները: Կարող ենք նաև լավատես լինել  և մտածել, որ գիտակցելով  Մարտի 1-ի վերաբացված գործի դատապարտվածությունը՝  նահանջի ճանապարհներ են հարթվում... գործ սարքելը հեշտ է, դժվարը դրա տակից պատվով դուրս գալն է:

Placeholder
Դարձյալ 1996-ի մասին