Եվրո-2019․ Հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը
Սպորտ
12:42 06/04/2019

Եվրո-2019․ Հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը

Այս ամռանը Երևանը հյուրընկալելու է Եվրոպայի մինչև 19 տարեկան ուժեղագույն հավաքականներին։ Հուլիսի 14-27-ը, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայանալու են Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նախօրեին՝ առաջնության մեկնարկից 100 օր առաջ, Երևանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա 8) տրվել է  հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ, Երևանի քաղաքապետի հետ տվեցինք սպորտային մեծ իրադարձության մեկնարկը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Երևանում:

Կարծում եմ՝ դա աննախադեպ սպորտային իրադարձություն է: Կարող ենք նշել, որ հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը: Այդ իրադարձություն էլ ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ պարոն Մարությանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս գործում աջակցելու համար: Կարծում եմ՝ պետական մարմինները ևս կաջակցեն, և կկարողանանք կազմակերպել ֆուտբոլային մեծ տոն: Շնորհակալություն բոլորիդ այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար, ուրախ ենք այսօրվա համար»,- Վանեցյանի խոսքը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Երևանում կայանալիք Եվրոպայի Մ19 առաջնության մասին իր կարծիքն է հայտնել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.

«Շնորհակալություն մեր քաղաքում ֆուտբոլային այսպիսի միջոցառում կազմակերպելու համար: Մեր երկրի պատմության, երևի թե, խոշորագույն սպորտային իրադարձությունն է: Իրոք, հուլիս ամսվա ընթացքում Երևանն ու Հայաստանը կդառնան Եվրոպայի կենտրոնը: Քաղաքապետարանի ողջ անձնակազմը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին և մասնակիցներին: Վստահեցնում եմ ձեզ՝ ամեն ինչ անցկացվելու է ամենաբարձր մակարդակով»,- ասել է Մարությանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու են Եվրոպայի գործող և քառակի չեմպիոն Պորտուգալիան, բազմակի չեմպիոններ Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև Չեխիան (1 տիտղոս), Իռլանդիան (1 տիտղոս), Նորվեգիան և Հայաստանը: Հավելենք, որ առաջնությանը վիճակահանությունը կայանալու է մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:

Placeholder
Եվրո-2019․ Հուլիսին Երևանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը