Դավիթ Տոնոյան. Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. «Մեդիամաքս»
Քաղաքական
13:13 08/04/2019
Հայաստան

Դավիթ Տոնոյան. Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. «Մեդիամաքս»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք հատվածաբար:

- Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» և «խաղաղություն» եզրույթները:

- Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք:

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, և նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում:

- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

- Կարծում եմ՝ ձևակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

- Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

- Թերևս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետևանք է:

Խնդիր կա նաև այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչև 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք:

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարևորությունը պետք է գիտակցվի և գնահատվի:

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարևան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն և չեն ունենալու:

- Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:

- Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

- Այսպես կոչված «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

- Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

- Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում:

- Ոչ միայն B կետում: Նաև C, D, E կետերում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրում:

Placeholder