Մոսկվան հրաժեշտ տվեց Գեորգի Դանելիային
Մշակույթ
18:35 09/04/2019
Աշխարհ

Մոսկվան հրաժեշտ տվեց Գեորգի Դանելիային

Մոսկվայի Կինոյի տանն այսօր վերջին հրաժեշտը տվեցին խորհրդային կինոյի դասական  Գեորգի Դանելիային: Արվեստասեր հասարակայնությունը ռեժիսորին հրաժեշտ տվեց  ծափահարություններով և «Բրավո» բացականչություններով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի 4-ին կյանքից հեռացած լեգենդար ռեժիսորի՝ Գեորգի Դանելիային հրաժեշտ տալ ցանկացողների հերթը չէր նվազում երկու ժամ շարունակ:  Կինոյի տանը էկրանին միաժամանակ հատվածներ էին ցուցադրում Դանելիայի կինոնկարներից:

Խորհրդային կինոյի հսկային հրաժեշտ տալու էին եկել լուսանկարիչ Յուրի Ռոստը, դերասան Եվգենի Ստեբլովը, ռեժիսորներ Կարեն Շահնազարովը, Ալեքսանդր Ադաբաշյանը, Տիգրան Քեոսայանը, մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը, դերասանուհիներ Վերա Վասիլևան, Եվգենիա Սիմոնովան և այլք:

Երեքշաբթի ավելի ուշ Գեորգի Դանելիային հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը՝ Օլեգ Տոբակովի և Ստանիսլավ Գովորուխինի կողքին:

Հիշեցնենք, որ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր ռեժիսոր Գեորգի Դանելիան մահացել է ապրիլի 4-ին, Մոսկվայում: Փետրվարին ռեժիսորը հոսպիտալացվել էր թոքաբորբով։

Placeholder
Մոսկվան հրաժեշտ տվեց Գեորգի Դանելիային