Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը կշարունակի վաղը
Իրավունք
18:10 09/04/2019
Հայաստան

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը կշարունակի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Այն կշարունակվի վաղը՝ ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին: Դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողներին նման տեղեկություններ փոխանցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով, այսօր հիմնականում ներկայացվել են պաշտպանների բողոքի վերաբերյալ առարկություններ, դրանք կշարունակեն ներկայացվել նաև վաղվա նիստում:

«Պարոն Քոչարյանն ընթացքում ինչ-որ հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է, բայց վերջում դեռ հայտարարությամբ հանդես կգա»,-ասաց Օրբելյանը:

Նա ընդգծեց, դատարանի դահլիճի դռներից այն կողմ իրավական պրոցես է ընթանում, ոչ թե քաղաքական դեբատներ, նույնիսկ այն դեպքում երբ գործն ունի քաղաքական կոմպոնենտ:

Գործի նյութերին ծանոթացած փաստաբանը պնդեց, քննությունը լրիվ տարվել է միակողմանի:

«Մենք տեսում ենք բազմաթիվ նյութեր, որոնք բացառում են քննչական կողմի մոտեցումները, տրվում են տարամեկնաբանումներ, բայց դատարան չեն ներկայացվել: Ամենամեծ արգումնետներից մեկը մեղադրանքի ոչ հստակ լինելն է»,-ասաց փաստաբանը:

Օրբելյանի ներկայացմամբ, գործի նյութերում ասվում է՝ շրջապատի մարդիկ կատարել են գործողություն, ընդ որում չի երևում, պարոն Քոչարյանի գիտությա՞մբ է դա կատարվել, հրամանո՞վ, կա՞պ ունի դրա հետ:

«Փորձ է կատարվում խեղաթյուրել հիմնավորումները: Օրինակ, մեղադրող կողմի մոտեցումը անմեղության կանխավարկածի չգիտակցում ասեմ, թե դիտավորյալ խախտում: Մեղադրող կողմը պարտավոր է ապացուցել, որ տեղի է ունեցել հանցագործություն, դա պետք է անել ապացույցների, ոչ թե ենթադրությունների օգնությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Placeholder
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը կշարունակի վաղը