Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
Սպորտ
19:25 12/04/2019
Հայաստան

Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ

Լիաննա Գյուրջյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում չորրորդ տեղը գրավելուց հետո կիսվել է տպավորություններով:

Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցել էր 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

«Գոհ եմ իմ ցուցադրած արդյունքներից, քանի որ գերազանցեցի իմ նախորդ ցուցանիշները: Մարզիչները գնահատական կտան իմ արդյունքներին: Հուսով եմ, որ ապագայում կարժանանամ ավելի բարձր մեդալների: Չեմ ասի, որ տխրել եմ, քանի որ ունեմ ժամանակ մեծահասակների պայքարում լավ արդյունքներ գրանցելու համար: Կաշխատեմ շտկել թերություններս և շարժվել առաջ»,-ասել է նա։

Նա ուրախություն է հայտնել, որ կարողացել է արդարեցնել մարզիչներիս սպասելիքները։

«Կարծում եմ՝ այս պահին սա իմ հնարավորությունների առավելագույն սահմանն էր։ Մարզիչներիս օգնությամբ հաղթահարել էի հոգեբանական խնդիրները: Բոլորից գոհ եմ»,- ասաց Լիաննա Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Placeholder
Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ