ԱԻ նախարարը ահազանգում է անձրևների, սողանքների ու հեղեղումների մասին
Հասարակություն
13:31 18/04/2019
Հայաստան

ԱԻ նախարարը ահազանգում է անձրևների, սողանքների ու հեղեղումների մասին

Անձրևները մինչև ապրիլի 20-ը շարունակվելու են, 20-ին շատ ինտենսիվ են լինելու, լեռնային շրջաններում էլ տեղումները լինելու են ձյան տեսքով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը նշեց, որ ջերմաստիճանը նվազելու է հասնելով +3 աստիճանի: Ըստ օդերևութաբանների՝ ցրտահարություն չի սպասվում:  Ֆելքիքս Ցոլակյանը հայտնեց, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից արդեն  հեղեղումների մասին ահազանգ են ստացել։

«Այնտեղ գետի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ երեկ նախարարության աշխատակիցները այցելել են Երվանդաշատ և պարզել, որ  զգալի աշխատանքներ կան իրականացնելու։

ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ այս օրերին ակտիվացել են նաև սողանքները, 6 վայրում արդեն ակտիվ սողանքներ են գրանցվել։ Մասնավորապես՝ Լոռու մարզի Աթան գյուղում, վտանգ կա, որ անտառապատ լանջը կփակի համայնք տանող ճանապարհը։

«Այսինքն՝ սողանքի պատճառվ կարող է մոտ 600 հազար տոննա հող լցվել ճանապարհի վրա և փակել միջհամայնքային ճանապարհը»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ թեև կա գյուղ տանող այլընտրանքային ճանապարհ, բայց դա ևս գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ  քարաթափման վտանգ ևս կա, մասնավորապես, Այրումի ճանապարհին։ Նա հիշեցրեց, որ այստեղ քարաթափման հետևանքով տարիներ առաջ մարդիկ են զոհվել։

«Հիմա էլի սպասվում է քարաթափում: Կանխելու համար կան պայթեցնող կազմակերպություններ, դրանք շատ չեն, բայց որպեսզի դրանք գան, աշխատանքներ իրականացնեն, մենք էլ հսկենք անվտանգությունը, պետք է տրանսպորտի նախարարությունը ֆինանսավորի, իսկ այդ ֆինանասավորման համար պետք է մրցույթ անցկացվի: Մենք ժամանակի խնդիր ունենք, բայց դա հրատապ է: Կարծում եմ`  տրանսպորտի նախարարության, տարածքային նախարարության, նաև մեզ հետ պետք է այս հարցը քննարկել, մարզպետարաններն էլ կարող են ունենալ որոշակի գումար, որը կարողանան օգտագործել այս խնդրի լուծման համար, իսկ հետո թող տան հաշվետվություն»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ  ճգնաժամային իրավիճակներ չունենալու համար պետք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ նպատակով նա մի շարք հանձնարարականներ տվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

Placeholder