Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղը դեռևս ապացուցելու կարիք ունի. Գագիկ Մակարյան
«Ներդրումների առումով կան որոշակի հետաքրքրություններ, բայց կառավարությունը դեռևս չի տիրապետում, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ պետական համապատասխան մարմինների կողմից ակտիվ ցանկություն չի դրսևորվում այդ խնդիրները հաղթահարելու համար:
«Բոլորին թվում է, որ ստեղծված օրենքները լավն են և բավարար ներդրումներ ներգրավելու համար: Վարչապետն անձամբ ուշադրություն է դարձնում ներդրումներին, բայց համապատասխան ինստիտուտները ոչ թե պետք է բավարարվեն վարչապետի կոչերով կամ նրա կողմից արված հայտարարություններով, այլ պետք է իրենք էլ խնդիրներ լուծեն, որը, սակայն, չի արվում»,- նշեց Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ ներդրումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, և ամբողջ ֆինանսական շուկան գտնվում է բանկերի ձեռքում։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ նա ասաց, որ խոսում են որոշ ծրագրերի մասին, որոնք պետք է իրականացվեն, սակայն դրանք հատուկենտ են և չեն կարող տնտեսական հեղափոխության համար հենասյուներ հանդիսանալ:
Գագիկ Մակարյանը նաև նշեց՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ համայնքները բավարար ակտիվություն չեն ցուցաբերում տնտեսության ոլորտում. «Կարևոր է նաև համայնքների ակտիվությունը, ինչն առայժմ չկա։ Այսինքն ՝մարզպետները չունեն այն օրակարգը, որով պետք է առաջնորդվեն: Մարզպետարանները պետք է նախաձեռնողականություն դրսևորեն, որը, սակայն, չենք նկատում»:
Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանում 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, արդյոք տեղյակ է, թե որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացվել, Գագիկ Մակարյանը նշեց՝ չի ցանկանում կասկածի տակ դնել վարչապետի խոսքը, բայց կարծում է, որ 50 հազարը դեռևս ապացուցելու կարիք ունի: